Մամուլի տեսություն. Արթուր Բաղդասարյանի շուրջ հասունացող բունտը նոր երանգներ է ստանում
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի շուրջ հասունացող բունտը նոր երանգներ է ստանում։ «Ժամանակ»-ը գրել էր, որ ՀՎԿ-ին միացած կուսակցություններին Արթուր Բաղդասարյանը տարբեր պաշտոններ ու հատկապես անցողիկ տեղեր է խոստացել ընտրություններին, սակայն երբ ցուցակի նախնական տարբերակը կազմվել է, ՀՎԿ-ին միացած կուսակցություններից ոչ մեկ ցուցակում չի եղել։ Վերջիններս էլ պատրաստվում են արտահերթ համագումար հրավիրել եւ Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել։ Շաբաթ օրը մի քանի կուսակցություններով Արթուր Բաղդասարյանից գաղտնի ժողով են արել եւ որոշել իրենց անելիքները։ Կուսակցություններից մի քանիսի ղեկավարները բավականին վճռական են տրամադրված, սակայն որոշներին այս աղմուկից հետո ՀՎԿ-ի կողմից համոզելու եւ նույն խոստումներով խաբելու փորձեր են կատարվում։ Դրա վառ ապացույցը «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանի եւ «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի հրապարակային բանավեճն է։ Վերջինս Արմենուհի Ղազարյանին հորդորել է ՀՎԿ-ին միացած 12 կուսակցության անունից հանդես չգալ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին մասնակցում էր նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը։ Սա ուշագրավ փաստ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս քննադատել է Վարդան Օսկանյանին, հատկապես Մարտի 1-ի առումով։ Իսկ Եղիազարյանը «Համախմբում» կուսակցության վարչության անդամ է։ «ՔՊ» վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը երեկ, ի պատասխան մեր լրագրողի հարցին, պարզաբանել է, որ ինքն անձամբ է հրավիրել իր մարտական ընկերոջը, եւ դա չի նշանակում, որ «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչն է մասնակցել իրենց համագումարին։ Սակայն, մեր տեղեկություններով, «ՔՊ» վարչությունը հատ-հատ քննարկել է հրավիրյալների ցանկը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորում խմորումները շարունակվում են, այժմ՝ փոխքաղաքապետի ընտրության շուրջ։ Գլխավոր հավակնորդը ՀՀԿ ցուցակի 6-րդ համարն է՝ Արտյոմ Գրիգորյանը, որին «Շոկի Արտյոմ» են ասում՝ համանուն տաքսի ծառայության սեփականատերն է։ Բայց երիտասարդ Արտյոմն առավել հայտնի է շենքերի, շինությունների քանդել-վաճառելու գործով։ Քաղաքային չօգտագործվող կառույցները քաղաքապետի թույլտվությամբ Գրիգորյանը քանդում ու վաճառում է։ Նրա թեկնածությունը սվիններով են ընդունել քաղաքապետարանի հնաբնակները, Սամվել Վանցիկիչի թիմը հույս էր փայփայում, որ Մամիկոն Ասլանյանը չի ազատվի հնաբնակներից։ Ի դեպ, նա արդեն նորոգել է իր աշխատասենյակը, պաշտոններ է խոստացել մտերիմներին։ Ավագանու նիստը նախատեսված է մոտ օրերս, Ասլանյանը բանակցում է, որ բերի իր օգտին քվեարկած դավաճաններին ու քվորում ապահովի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վիկտոր Դալլաքյանի կուսակցաշինական աշխատանքները ֆինանսների սղության պատճառով ժամանակավորապես սառել են։ Վերջին շրջանում տարբեր մարզերում գրասենյակների տարածքներ վարձակալելու ակտիվ աշխատանքներ էին սկսվել, սակայն այս պահին դրանք նույնպես կասեցվել են։ «Ժամանակ»-ի տեղեկություններով, իրականում խնդիրը ոչ այնքան փողն է, որքան Սեյրան Օհանյանի որոշումը։ «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպումից հետո Սեյրան Օհանյանը տարակուսանքի մեջ է՝ ընդունե՞լ իշխանության առաջարկները, թե գնալ ընդդիմադիր դառնալու ուղղով։ Այժմ Վիկտոր Դալլաքյանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի վիճակում՝ սպասելով Սեյրան Օհանյանի որոշմանը»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է բնակչությունը հեռանում Հայաստանից։ Ակնհայտորեն դրա հիմնական պատճառներից մեկը սոցիալ-տնտեսական վիճակն է։ Չնայած պաշտոնապես արձանագրվում է, որ Հայաստանում բարձրանում են աշխատավարձերը եւ նույնիսկ կոնկրետ թվեր են ներկայացվում, այլ ցուցանիշներ խոսում են այն մասին, որ մարդկանց գնողունակությունը նվազում է երկնիշ տեմպերով։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի պաշտոնական տվյալների՝ այս տարվա 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանրածախ առեւտրի ծավալները նվազել են 3.4 տոկոսով։ Անցած տարի էլ էր նախորդ տարվա համեմատ մանրածախ առեւտրի ծավալը նվազել։ Եթե իրար հետ համեմատենք վերջին երկու տարիների տվյալները, պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ կլինի։ Այսպես. 2014 թվականի առաջին 9 ամիսներին մանրածախ առեւտրի ծավալը կազմել է 985. 7 միլիարդ դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 858.5 մլրդ դրամ։ Անկումը երկու տարվա ընթացքում 13 տոկոս է։ Բայց սա 9 ամիսների ընթացքում։ Այս տարվա սեպտեմբերը 2014 թվականի նույն ամսվա հետ համեմատելու դեպքում անկումը կկազմի արդեն 18 տոկոս։ Իսկ սա նշանակում է, որ ամսեամիս բնակչության գնողունակությունը ավելի արագ է նվազում։ Նույնը պարզ երեւում է նաեւ շինարարության ցուցանիշներից։ Եթե 9 ամիսների ընթացքում շինարարության ծավալների նվազումը կազմել է 9.3 տոկոս, ապա սեպտեմբերին նվազումը արդեն 17.3 տոկոս է։ Ընդ որում, նվազում է բնակչության միջոցներով իրականացվող շինարարությունը, ինչը եւս գնողունակության, կամ այսպես ասենք, բնակչության կողմից տնօրինվող եկամուտների նվազման ապացույց է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոստովանեց, որ ստիպված է եղել զոհաբերել առաջիկայում ՀՀ քաղաքացիների թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումը: «Ժողովուրդ»-ը նախագծի քննարկումից հետո ֆինանսների նախարարի հետ զրուցեց ՀՀ պետական բյուջեի եկամուտների թերակատարման մասին։
– Պարոն Արամյան, 9 ամիսների արդյունքներով բյուջեի եկամուտները թերակատարվել են 53 միլիարդ դրամով։ Ինչպե՞ս կբացատրեք այս հանգամանքը։
– Դա պայմանավորված է տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներով։ Ես տարեկան ցուցանիշներով ասեմ, համար առաջինը մենք պետք է հաշվի առնենք, որ անվանական ՀՆԱ-ն ավելի ցածր է լինելու այս տարի եւ արդեն իսկ ավելի ցածր է, քան մենք պլանավորել էինք։ Մենք 2016 թվականի համար պլանավորել էինք 2,2 տոկոս իրական աճ եւ 4 տոկոս դեֆիլյատորի մակարդակ, դա նշանակում 16,2 տոկոս անվանական ՀՆԱ-ի աճ։ Տարվա արդյունքներով մենք անվանական ՀՆԱ-ի աճ կունենանք շուրջ 2-2,4 տոկոս, ի՞նչն է տարբերությունը։ Իրական ՀՆԱ-ի աճով գրեթե նույնը կլինենք, ինչը ծրագրավորել ենք, իսկ դեֆիլյատորը կլինի գրեթե զրոյական։ Ինչի է դա հանգեցնում, հանգեցնում է նրան, որ մեզ մոտ անվանական ՀՆԱ-ն մոտ 292 միլիարդով ավելի ցածր կլինի, քան թե մենք պլանավորել էինք այս տարի։ Հիմա, եթե ուշադրությամբ նայենք՝ արդյո՞ք մենք այդ 300 միլիարդից ավելի պակաս ենք հարկեր հավաքելու, այո՛։ Պարզ վարժություն է՝ 20,7 տոկոսը, եթե այդ ցուցանիշի վրա կիրառենք, կտեսնենք, որ շուրջ 60 միլիարդ մեզ մոտ տնտեսական եւ ցածր գնային պայմանների հաշվին ունենալու ենք ավելի ցածր հարկային եկամուտներ։ Կան այլ գործոններ, որ ազդում են. դա ներմուծման կառուցվածքն է։ Ներմուծման այն մասնաբաժինը, որից մենք հարկ ենք հավաքում, որը մենք համարում ենք հարկունակ ներմուծում, դա համեմատաբար ավելի փոքր ծավալի է, քան մենք ակնկալում էինք, համեմատ այն ներմուծման, որը հիմնականում գալիս է ԵՏՄ-ից։ Այդտեղ էլ կա տնտեսագիտական միտք, որովհետեւ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեւորվեց, եւ ռուսական ռուբլին էլ դոլարի նկատմամբ արժեզրկվեց, ռուսական ապրանքներն ավելի շատ էժանացան համեմատ երրորդ երկրի, իսկ այնտեղից, երբ ներմուծում են կատարում, մենք ավելի քիչ ենք հարկ հավաքում, դա նաեւ հանգեցրել է շուրջ 16 միլիարդի կորուստի։ Հիմա այս գործոնները դնում ենք կողք կողքի, տեսնում ենք, որ տարվա արդյունքում մենք, հնարավոր է, մինչեւ 70-80 միլիարդ դրամի թերակատարում ունենանք»։