VERELQ-ը ներկյացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկություն էինք ստացել, որ «Կենտրոն» հեռուստաընկերության երկարամյա մեկնաբան Պետրոս Ղազարյանը բանակցում է Հանրայինի ղեկավարության հետ՝ Հ1 տեղափոխվելու համար։ Ասում էին, որ նա ոչ միայն հաղորդում է ուզում վարել, այլեւ լրատվականը ղեկավարելու հավակնություններ ունի։ Մեզ հետ զրույցում Ղազարյանը երեկ ժխտեց, որ տեղափոխվել է։ Իսկ ստացե՞լ եք նման առաջարկ․ ասաց, որ մի 2 օրից կպատասխանի այդ հարցին։ 2 օր ժամանակ խնդրեց նաեւ պատասխանելու, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել ԱԺ ընտրություններին։ Սակայն երեկ մեր կայքում լուրը հրապարակելուց հետո․ հարց էին ուղղել Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին, ով ավելի անկեղծ էր գտնվել եւ հաստատել էր լուրը՝ ասելով, որ նոր հաղորդում են ունենալու՝ հարցազրույցի ձևաչափով, և հնարավոր է, որ դա վարի Պետրոս Ղազարյանը․ «Այժմ հեռուստաընկերության և հաղորդավարի միջև բանակցություններ են ընթանում»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում անորոշությունը շարունակվում է, և ըստ կուսակցությանը մոտ կանգնած աբյուրի՝ անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի կողմնորոշվում, թե ինչ ցուցակ պետք է ներկայացնի, կամ ինչ սկզբունքով այն պետք է կազմվի: Ուրբաթ օրը Ծառուկյանը հանդիպել է կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների հետ և նրանց հանձնարարել ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունեցող թեկնածուներ գտնել: Հիմա այդ պրոցեսն է, և տարածքային կառույցների ղեկավարները փորձում են մարդիկ գտնել, որ ուզում են ԲՀԿ-ին ձայն բերել, բայց գիտեն, որ պատգամավոր չեն ընտրվելու»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրել նաև իրենց քաղաքական թիմի անդամ բոլոր նախարարներին ու գործադիրից այլ ներկայացուցիչների: Հատկանշական է, որ երեկ նախարարներից երկուսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, հայտարարել են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ՔՊ կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանն էլ ասել է. «Քաղաքական թիմի մեծ մասը առաջադրվելու է, այդ թվում են նաև կառավարության անդամներ։ Վերջնական որոշում դեռ չկա, բայց, ըստ ամենայնի, բոլոր նախարարներն էլ կլինեն ցուցակներում»։ Հարցին, թե սա չի՞ դիտվի արդյոք վարչական լծակների կիրառում, Կոստանյանն ասել է, որ այդ ընթացքում նախարարներն արձակուրդ կվերցնեն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռեյտինգային ընտրակարգը, որը ժամանակին ներդրվել էր ՀՀԿ-ականների կողմից իրենց տպավորիչ հաղթանակն ապահովելու համար, բումերանգի էֆեկտով հարվածում է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ական վերնախավը թեկնածու չի գտնում, ովքեր կհամաձայնվեն մասնակցել և առաջադրվել ռեյտինգային ընտրատարածքներում: 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները կտրուկ հրաժարվում են՝ հասկանալով, որ այս անգամ խայտառակ թվեր են ստանալու և բացահայտելու են իրենց իրական վարկանիշը: Մեր տեղեկություններով՝ Երևանում առաջադրվելու պատրաստակամություն է հայտնել միայն Արման Սահակյանը՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին, իսկ մյուսները չոր հրաժարվել են: Նման իրողությունը ՀՀԿ-ականներին ստիպել է վերանայել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը` պատգամավոր դառնալ ցանկացողների թիվը մեծ է, բայց ձայն բերող չկա»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ հնարավոր է ընտրություններից առաջ ձևավորվի նոր դաշինք «Հանրապետություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակությունների միջև, ինչի շուրջ բանակցություններ են ընթանում: «Նախնական համաձայնությունն արդեն կայացվել է։ Արեւմտամետների դաշինք կձեւավորվի, որի ցուցակը կազմվելու է 50/50 համամասնությամբ։ Անվանումը դեռ քննարկում են։ Գործելու է նախորդ ընտրությունների ժամանակ «ԱԴ»-ի հայտարարած սկզբունքը՝ ցուցակի բոլոր թեկնածուները կպահեն իրենց տեղերը, ինքնաբացարկի դիմումներ չեն պարտադրվի՝ ոչ մեկն իր տեղը որեւէ հանգամանքում չի զիջի մեկ ուրիշին։ Եթե որեւէ կուսակցություն ցուցակ է բերում որեւէ անկուսակցական հանրային գործչի, ապա վերջինս իրեն վստահած կուսակցության քվոտայով է տեղ զբաղեցնում»։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ժամանակին նոր-նոր իր առաջին քայլերն անող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այն օրերի ՆԳ նախարար, ապա քաղաքապետ Վանո Սիրաղեղյանն անչափ սիրագորով է եղել, ավելին՝ հանձնարարել է Արարատ Զուրաբյանին՝ «աչքը պահել վրան, նեղացնող չլինի»։ Հիշենք՝ այն օրերին սկսնակ լրագրող Փաշինյանը լուրջ բախում ունեցավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանի հետ, բանը հասավ ձեռնամարտի։ Դրանից հետո արդեն՝ Քոչարյանի օրոք հրապարակումներից մեկի պատճառով Նիկոլի դեմ քրեական գործ հարուցվեց։ Քրեական հետապնդման մեջ էր նաեւ Վանոն, որը հեռացավ Հայաստանից, իսկ երբ առաջին անգամ վերադարձավ, նրան ոգեւորված դիմավորողը Նիկոլ Փաշինյանն էր։ Ի դեպ, արդեն տարիներ անց՝ վտարանդիության մեջ գտնվող Վանոն հարցազրույց էր տվել միայն Նիկոլին, «ՀԺ»-ն էր տպագրում Վանոյի «Վիրտուալ Հայաստան» քաղաքական վերլուծությունների շարքը։ Սակայն վարչապետի հրաժարականի նախավերջին նիստի ժամանակ Արարատ Զուրաբյանի՝ Վանոյին վերաբերող հարցի երկար պատասխանի ժամանակ՝ Փաշինյանը գեթ մեկ անգամ չարտաբերեց Վանո Սիրադեղյան անուն-ազգանունը, ընդհանրապես, այդ խնդրին նա ոչ մի անգամ չի անդրադարձել։ Չնայած ասում են՝ ընտրություններից հետո, թերեւս, Վանոն վերադառնա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Կոմերսանտը» լուր տարածեց, որ Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի ԱԱԽ քարտուղար Զասը։ Դրան զուգահեռ մերոնք շրջանառության մեջ դրեցին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, ում թեկնածությունը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին շրջանառվում էր մինչ Խաչատուրովի նշանակումը, դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ով ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար: Հարությունյանն անգամ ասուլիս տվեց։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ ՀԱՊԿ նոր քարտուղարի հարցում բանակցությունները շարունակվում են՝ հարցը փակ չէ։ Բելառուսի ԱԳՆ-ն նույնպես հայտարարեց, որ Զասի նշանակման հարցը որոշված չէ։ Մեր աղբյուրներն ասում են, որ Զասի թեկնածությանը դեմ է ռուսական կողմը, ուստի Բելառուսը փորձում է այլ թեկնածու առաջադրել։ Եթե չհաջողվի, ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ նախագահությունը կանցնի ղազախներին։ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը փորձագետները քիչ հավանական են համարում։ Սակայն Վաղարշակ Հարությունյանին խոստացել են, որ եթե իր նշանակումը չստացվի, առաջիկայում կնշանակեն ՀՀ ԱԱԽ քարտուղար, իսկ այս ընթացքում պրոբլեմներ արձանագրած Արմեն Գրիգորյանին ընտրություններից հետո կտանեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղը»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը պաշտոնապես հայտնի կլինի արդեն այս շաբաթ. նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկն էլ դա է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ իշխանությունները որոշել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Ինչպես հայտնի է, Յուրի Խաչատուրովը, որ Հայաստանում 2008թ. մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ ետ է կանչվել. նրա լիազորություններն օրերս վաղաժամ դադարեցվեցին: Սակայն Բելառուսը, որ ըստ կարգի հաջորդն է նախագահելու ՀԱՊԿ-ում, փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը գլխավոր քարտուղարի պաշտոնը ժամանակից շուտ իրենով անելու համար: Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀԱՊԿ ներսում Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել: Նրա թեկնածությանը ընդդիմանալու համար անդամ երկրների ներկայացուցիչներից ոմանց կողմից որպես փաստարկ բերվում է այն հանգամանքը, որ դեռ 2002թ. Հարությունյանն աստիճանազրկվել է:
Հիշեցնենք` Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատվելուց հետո երկար տարիներ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ էր` հանդես գալով արմատական ընդդիմության դիրքերից, պայքարելով Քոչարյանի իշխանության դեմ: Եվ այն ժամանակ նախագահ Քոչարյանը չներեց Հարությունյանի ընդդիմադիր կեցվածքը. 2002թ. հուլիսի 18-ին նա հրամանագիր էր ստորագրել Հարությունյանին ոչ միայն գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից զրկելու մասին: Ասել է թե` կատարվածը բացառապես քաղաքական դրդապատճառ ուներ, քաղաքական հալածանքի դրսևորում էր: Բայց ՀԱՊԿ-ում հիմա շահարկում են այդ հանգամանքը: Ու պետք է նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լուրջ անելիք ունի. նախ պետք է ՀԱՊԿ ներսում բացատրի կատարվածը, իսկ մինչ այդ վերականգնի Հարությունյանի զինվորական կոչումները, որ խլել էին հանիրավի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել: Այն գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պետական բյուջե կատարել է 32 մլրդ 795.6 մլն դրամի հարկային վճարում: Իսկ ահա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը պետական բյուջե մուծել էր 13 մլրդ 137 մլն դրամ: «Գազպրոմ Արմենիա»-ի դեպքում պատկերը հակառակն է: Ընկերությունը բավականին զիջել է իր դիրքերը: Այս տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ հարկ, իսկ ահա 2017 թվականի 9 ամիսների ընթացքում ընկերությունը վճարել է ավելի քան 32 մլրդ 254 մլն դրամ: Երրորդ տեղում է «Գրանդ տոբակո» ընկերությունը, պետական բյուջե վճարել է 27 մլրդ 680 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22 մլրդ 192 մլն դրամի դիմաց: Փաստորեն, հետաքրքիր պատկեր է ստացվում. երեք խոշոր հարկատուներից միայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է նվազեցրել հարկերը, այն էլ հիմնականում գազի սակագինը փոքր-ինչ նվազեցնելու, ըստ այդմ՝ ստացված շահույթի հետեւանքով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը, որ սնանկության գործով դատավոր չընտրվելուց հետո ԲԴԽ-ի դեմ են դուրս եկել` դիմելով դատարան, հայտնվել են խնդիրների առաջ: Ու հիմա նրանք նամակ են ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ահազանգելով, որ ոչ իրավաչափ դատարանի ստեղծման պատճառաբանությամբ իրենց դատարանից դուրս են հանում: Ըստ երկու դատավորների` իրենց առաջարկվում է տեղափոխվել Թբիլիսյան խճուղում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառաբանությամբ, այն պնդումով, թե 2019 թվականի հունվարի 1-ից նշված հարկում աշխատանքն է ծավալելու Սնանկության դատարանը: Մինչդեռ դատավորներն այս ամենը որակում են որպես իրենց նկատմամբ ճնշում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը երեկ խորհրդարանում պատասխանելով հարցին, թե ինչպես եղավ, որ ինքը չազատվեց զբաղեցրած պաշտոնից, ասել է, թե պատճառը Հանրային հեռուստաընկերության մենեջմենթի բարելավումն է, որը բավարարել է նոր իշխանություններին: Իրականում Մարգարիտա Գրիգորյանը հովանավոր է գտել նաև նոր իշխանությունում՝ ի դեմս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ով էլ նոր իշխանությունների մոտ բարեխոսել է հօգուտ իր սանիկի, և ինչպես տեսնում ենք՝ բարեխոսությունն անօգուտ չի անցել»: