Երեկ՝ նոյեմբերի 5-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ից 300-ից ավելի քաղաքացիներ, ովքեր աշխատում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում, ի նշան բողոքի՝ փակել են Երևան-Շորժա ճանապարհի Ծովագյուղի երկաթգծի հատվածը, ինչի պատճառվ էլ գնացքները չեն կարողանալու երթևեկել:
Գիշերը մեկ շոգեքարշ կանգնած է մնացել, քանի որ նշված ընկերության աշխատակիցները պառկել են գնացքի գծերի վրա ու հրաժարվում են բացել գնացքի ճանապարհը:
Shamshyan.com-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Առավոտից իրիկուն, տարվա ցանկացած եղանակային պայմաններում՝ թե՛ ձյանը, թե՛ անձրևին, թե՛ շոգին, աշխատել ենք իրենց ուզածով: Ոչ մի վրիպում չենք տվել ու հիմա «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը մի դարակազմիկ որոշում է կայացրել, որ մեզ բոլորիս պրեմիաներից պետք է զրկեն: Մթամ ինչ աշխատավարձ էիք տալիս, որ հիմա էլ դա եք կտրում: Եղել են օրեր ու ամիսներ, որ աշխատանքային ժամից 4- 5 ժամ ավել ենք աշխատել, բայց կյանքում չենք ասել՝ ավել աշխատանքի դիմաց վճարեք: Մտածել ենք, որ մեր երկրի համար ենք անում: Էս գիծը համարվում է ստրատեգիական ճանապարհ: Մենք գիտենք, որ էս ճանապարհը նաև սահմանն է պահում, զինվորին հաց է տեղափոխվում, բայց եթե դիմել ենք այս ծայրահեղ քայլին, հուսով ենք մեզ ականջալուր կլինեն ու խնդիրը կկարգավորեն: Սա հին խնդիր չէ: Նախկինում էլ է եղել ու հենց բարձրաձայնել ենք, ԿԳԲ-ով վախացրել են: Հիմա դիմում ենք նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանին, որպեսզի ուսումնասիրություն կատարի ու էնքան փողերի լվացման դեպք կբացահայտի, որ մի բան էլ հնարավոր կլինի մեր աշխատավարձերը բարձրացնեն՝ ինչպես աշխարհի շատ ու շատ երկրներում, երբ նման աշխատանքներ կատարողների աշխատավարձը ոչ թե կրճատում, այլ ավելացնում են»:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ մի քանի ժամ բանակցություններ է վարել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը, սակայն ակցիայի մասնակիցները նրան ասել են, որ այդ քայլը միակ ելքն է:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման են եկել նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցներ, սակայն բողոքի մասնակիցների պնդմամբ, այդ եկողները լսողի դերում են միայն հանդես գալիս: Նրանք ի վիճակի չեն ոչ հարցերին պատասպանել, ոչ էլ խնդիրը լուծեն: Ցուցարարները պահանջում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության առաջին դեմքերի հետ հանդիպում: Հակառակ դեպքում՝ կաթվածահար են անելու երկաթուղու աշխատանքը: