Բոլոր հնարավորությունները կան, որպեսզի մենք դառնանք երկրորդ քաղաքական ուժը ապագա ԱԺ-ում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը նշեց, որ կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, որում ընդգրկված կլինեն նաև տարբեր քաղաքացիական խմբերից ու կուսակցություններից ներկայացուցիչներ, ովքեր ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն 13 ընտրատարածքներում:
Անդրադառնալով երեկ իրենց կողմից կայացրած որոշմանը՝ մասնակցել ընտրություններին առանձին և առանց «Հանրապետություն» կուսակցության հետ ավելի վաղ կազմված դաշինքի, Մարուքյանը, նախ, շնորհակալություն հայտնեց «Հանրապետություն» և ՔՊ կուսակցությունների իր գործընկերներին համատեղ անցած ճանապարհի համար, ապա նշեց, որ ժամանակն է առաջ շարժվել: Ըստ նրա, քննարկումները այս հարցի շուրջ ընթացել են երկար ժամանակ, անգամ մինչև Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի քննարկումը, որը, հիշեցնենք, տապալվեց և դեկտեմբերին կայանալիք ԱԺ ընտրությունները կանցկացվեն գործող ԸՕ-ով:
«Կարծում ենք, որ լավագույն տարբերակը սա էր»,- ասաց բանախոսը՝ ավելացնելով, թե այս որոշումը չի նշանակում, թե իրենք բացառում են հետագայում համագործակցությունը վերը նշված կուսակցությունների հետ:
Էդմոն Մարուքյանը կրկնեց՝ իրենց շանսերը բարձր է գնահատում, անգամ հարց ունի՝ եթե իրենք չանցնեն խորհրդարան, ապա ո՞վ: Իսկ թե ինչ կարգավիճակում, գուցե ընդդիմության, ներկայացված կլինի «Լուսավոր Հայաստանը» ԱԺ-ում կորոշի, նրա խոսքով, ժողովուրդը.
«Ընտրությունները պետք է ավարտվեն, որ մենք հասկանանք՝ ուր ենք: Դա կախված է ուժերի ստացած չափաբաժիններից և համամասնություններից: Մենք պատրաստ ենք երկրի պետականաշինության գործում մեր ունեցած ներդրումից էլ ավելին ներդրում ունենալ»,- հավելեց Մարուքյանը: