7.04.2026
Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները
prev Նախորդ նորություն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը՝ Մայրության տոնի առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը ավետման տոնի առիթով։


«Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:


Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է կատարվում, և օրհնություն են ստանում ապագա մայրերը՝ հայցով, որ Աստված նրանց պարգևի սիրառատ, առողջ ու երջանիկ կյանք և բարի ու արժանավոր զավակներ։


Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար։ Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները, ամուր ու անսասան պահել հավատն ու սերը առ Քրիստոս և ապրել առ ազգն ու հայրենին անխախտ նվիրումով։


Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն։


Թող Բարձրյալն Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, ապահովության ու բարօրության մեջ պահպանի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։ «Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ» (Հռ. 15.13). ամեն:

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերքներ են հանձնել ոստիկանությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը