11.07.2025
Շուտ արթնացող, շատ աշխատող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը. Կարեն Կարապետյան
31.12.2017
Շուտ արթնացող, շատ աշխատող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Պատիվ և հնարավորություն ունեմ դիմել Ձեզ Նոր տարվա և Սուրբ ծնունդի շնորհավորանքներով: Ցանկանում եմ ձեր ընտանիքներում տարին լինի երջանիկ, ջերմ, սիրով և համերաշխությամբ լի: Ինչպես ընդունված է՝ նոր տարի մտնելիս ամփոփում ենք անցնող տարին: Տարվա ավարտական թվերը լինելու են ավելի լավը, քան նախատեսել էինք 2016 թվականին և դրական տարբերվող՝ տարածաշրջանի շատ երկրներից: Սակայն սա բավարար չէ լուծելու երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները: Դրանք լուծելու համար մենք պետք է տարին տարու վրա, ամեն օր քրտնաջան աշխատենք և կայուն աճ ապահովենք: Ոչ մեկ մեր երկիրը չի զարգացնելու և չի կառուցելու մեր փոխարեն: Հայաստանը լինելու է տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկրներից մեկը: Մեզ անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում, փոխադարձ հարգանք և երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում: Յուրաքանչյուրս ունի այդ հնարավորությունը: Շուտ արթնացող, շատ աշխատող, սովորող, իր, շրաջապատի, երկրի նկատմամբ անհանգիստ մարդը պետք է զգա իր պահանջվածությունը: Մենք կարո՛ղ ենք միասին զարգացնել մեր երկիրը, և համոզված եմ մոտ ապագայում կտեսնենք մեր ընդհանուր աշխատանքի արդյունքները: Մեր նպատակն է տեսնել Հայաստանը ուժե՛ղ, արդա՛ր, զարգացա՛ծ, բարեկեցիկ երկիր՝ աճո՛ղ և երջանի՛կ բնակչությամբ: Սիրելի՛ հայրենակիցներ, Այս տոնական օրերին հոգատարությամբ լցրեք ձեր տները, գրկեք ձեր ծնողներին և մեծերին, երեխաներին և թոռնիկներին, միմյանց բարի խոսքեր ասեք, ուրախացեք, ներեք… ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ կտրվեք առօրյա հոգսերից և դրական լիցքերով տրամադրվեք գալիք տարվան: Վստա՛հ եղեք, մենք ունենալու ենք չտեսնվա՛ծ լավ երկիր: Շնորհավորում եմ ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը»,- ասվում է Կարեն Կարապետյանի տեսաուղերձում: