26.11.2024
ԱՄՆ-ը քննադատում ՌԴ-ին ԼՂ հակարամտության հարցում, սակայն չի առաջարկում այլընտրանք
04.11.2016
ԱՄՆ-ը քննադատում ՌԴ-ին ԼՂ հակարամտության հարցում, սակայն չի առաջարկում այլընտրանք

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ներկայում ունեն շատ բարդ հարաբերություններ: Մենք տարակարծություներ ունենք բազմաթիվ հարցերում, մեզ համար անընդունելի է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության ոտնահարումը: Մենք համաձայն չենք Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությանը և կարծում ենք, որ այն յուղ է լցնում Սիրիայի քաղաքացիական պատերազմի կրակի վրա: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստան ժամանած ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերը: «Չեմ թաքցնի, որ բազմաթիվ ուղղություններում ունենք հակադիր տեսակետներ, թե ինչպես պետք է լուծել տարբեր հակամարտությունները: Սակայն, այստեղ՝ Հայաստանում և տարածաշրջանում մենք գործընկերներ ենք, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ու մենք ձգտել ենք համագործակցաբար աշխատել այս տարածաշրջանում: Մեր շահերից է բխում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծմանը: Այնպես որ, մենք պատրաստ ենք աշխատել մեր ռուս գործընկերների հետ և փորձել գտնել այդ լուծումը, եթե դա հնարավոր է»,- ասել է նա: Հարցին՝ ԱՄՆ-ին չի՞ մտահոգում այն, որ Ռուսաստանը ռազմակայան ունի Հայաստանում, և Հայաստանը կարող է օգտագործվել ռուսների կողմից՝ իրենց ռազմական նպատակաների համար, Քարփինթերն արձագանքել է, թե ԱՄՆ-ն հակասություններ ունի Ռուսաստանի հետ 2008 թվականին Վրաստանում ու 2014 թվականին Ուկրաինայում նրա գործողությունների հետ կապված, քանի որ չեն կարծում, որ 21-րդ դարում պետություններին հարիր է խախտել միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: «...Հայաստանն իրավունք ունի որոշելու իր արտաքին քաղաքականության ուղղությունը: Եվ եթե Հայաստանին գոհացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա մենք ևս գոհ ենք: Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում զսպել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է»,- շեշտել է նա: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծածավալ սպառազինություն վաճառելու փաստին և ինչպե՞ս այդ իրավիճակը կարող է ղարաբաղյան հակամարտության համար, Քարփինթերը նշել է. «Դա Ցավալի է, ու իրավիճակը լրջորեն ապակայունանում է, երբ որևէ երկիր իրականացնում է սպառազինության մատակարարումներ մի տարածաշրջան, ուր ամեն ամիս շփման գծի երկայնքով երկու կողմերից զոհեր են լինում: Կարծում եմ, որ մի երկրի համար, որը միջնորդ է հանդիսանում, զենք վաճառելը կամ տրամադրելը հարիր չէ: Մեր քաղաքականությունը, գիտեք, կայանում է նրանում, որ չտրամադրենք լրացուցիչ ռազմական հնարավորություններ: Դա չի նշանակում, որ մենք չունենք պաշտպանության ոլորտում հարաբերություններ Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Բայց կարծում եմ, որ այսպիսի տարածաշրջան զենք ու ռազմական միջոցներ մատակարարելը հակամարտության խաղաղ լուծման ճանապարհը չէ»: Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, ամերիկյան կողմը այդ հարցը քննարկել է և առհասարակ՝ Ռուսաստանի հետ բաց երկխոսության մեջ են մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ այստեղի իրավիճակը, Ուկրաինայի և Սիրիայի հետ կապված հարցերը: Շարունակելով Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման նա շեշտել է. «Թեև իմ հիշատակած շատ հարցերի շուրջ մենք ունենք տարաձայնություններ, այնուամենայնիվ, մենք փորձում ենք պահպանել երկխոսությունը և համագործակցել այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Այնպես որ, եթե դա հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ապա մենք, իհարկե, դա անում ենք: Մինչ օրս, ըստ էության, ունեցել ենք ողջամիտ համագործակցություն այդ ձևաչափում և այլ ոլորտներում: Նկատի ունեմ, որ դուռը բաց ենք պահում՝ ռուսների հետ Սիրիայի հարցի շուրջ խոսելու և ընդհանուր եզրեր գտնելու համար: Չնայած՝ պետք է ասեմ, որ ներկայում դա չենք գտնում: Հետագայում ևս շարունակելու ենք փնտրել ընդհանուր եզրեր»: Թեև ԱՄՆ-ն քննադատում է Ռուսաստանին տարածաշրջանում զենք մատակարարելու հարցում, սակայն հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական բյուջեի հնարավորությունները, որոնք, ի դեպ, հիմնականում ձևավորվում են դեպի Արևմուտք նավթի ու գազի վաճառքից, այդ մատակարարումները իրականում ՀՀ համար կենսական նշանակություն ունեն: Իսկ այն, որ ՌԴ-ն Ադրբեջանին էլ է զենք վաճառաում, դա Մոսկվայի տեսանկյունից տարածաշրջանում ռազմական բալանսի պահման եղանակ է: ԱՄՆ-ն մտահոգված է, որ հնարավոր է լարվածության աճ ԼՂ հակամարտության գոտում. «Վտանգավոր իրավիճակ է, և այս իրավիճակը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ գտնել դիվանագիտական լուծում»: Ինչ վերաբերում է Թուրքիային եւ այդ երկրում ստեղծված իրավիճակին, Քարփինթերը նկատել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է ու կարևոր գործընկերը տարածաշրջանում: Այն դերակատարում ունի տարբեր տարածաշրջաններում՝ Լևանտում՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Բալկաններում, դեպի հյուսիս և Հարավային Կովկասում: «Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այնպես որ, մենք տեսնում ենք մեր դերը՝ (ու այստեղ ես խոսում եմ Միացյալ Նահանգների, Պենտագոնի մասին) կամուրջ ծառայել Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի ու տարածաշրջանում նրա տարբեր գործընկերների միջև: Մենք, անշուշտ, սերտ հարաբերություններ ունենք մեր թուրք գործընկերների հետ՝ ցանկացած սպառնալիքի դիմակայելու հարցում, ներառյալ՝ Իրաքում ու Սիրիայում «Դաեշ»-ին («Իսլամական պետություն») պարտության մատնելը և դրա տարածումն աշխարհում կանխելը, ինչը մեր ազգային անվտանգության առաջնահերթություններից է»,- հավելել է նա: