26.11.2024
Քննարկվել են ներդրումային ծրագրեր. Փաշինյանը Պեկինում հանդիպել է չինացի գործարարների հետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ռոբերտ Քոչարյանը փորձում է վերադարձնել Գագիկ Ծառուկյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանն իր աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի միջոցով փորձում է կրկին իր ազդեցության ոլորտ վերադարձնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ծառուկյանն այնքան էլ հակված չէ հարաբերությունները փչացնել իշխանության հետ, բայց իշխանությունը ինքն է անընդհատ հարձակումներ նախաձեռնում Ծառուկյանի դեմ, և եթե վերջինս հայտնվի փակուղում, հնարավոր է, որ այլ տարբերակ չունենա, քան Քոչարյանի գիրկը նետվելը»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր աղմկահարույց բացահայտումներ են սպասվում: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, երեք քրեական գործերով «անցնում» է Կենտրոնի նախկին թաղապետ, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ըստ տեղեկությունների, քրեական գործերն առնչվում են տարբեր չարաշահումներին՝ սկսյալ թաղապետ աշխատած ժամանակներից մինչեւ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարություն: Այնպես որ, ըստ նույն աղբյուրների, մոտ ապագայում հասարակությունը կտեղեկացվի ուշագրավ բացահայտումների մասին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է: Մեզ հայտնի դարձավ, որ գործը ՀՀ քննչական կոմիտեն ուղարկել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին:


«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը պարզել է, որ ՊՈԱԿ-ում աշխատանքի ընդունվելու համար Հովհաննիսյանը կեղծ դիպլոմ է սարքել ու ներկայացրել: Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը պատմում է, թե ինչպես են ընթացել գազի սակագնի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի բանակցությունները. դրանք շատ հետաքրքիր ընթացք են ունեցել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ, նրան բացատրել են, որ գազի գնի հարցը քաղաքական է, պետք է խոսել Կրեմլի հետ, գնացել է Կրեմլ, ասել են՝ հարցը տնտեսական է, պետք է խոսել «Գազպրոմի» հետ: Ու այդպես էլ կառավարությունում չհասկացան, թե ով թանկացրեց գազը»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նոր իշխանությունների բարդույթավորվածությունը Արցախի, Արցախյան հիմնահարցի եւ ղարաբաղյան պատերազմի նկատմամբ մանրամասն ուսումնասիրության կարիք ունի, բայց առաջին տպավորությամբ այս երեւույթը նոր չի սկիզբ առել ու երեւի ավելի շատ կապ ունի այն կոմպլեքսի հետ, որ այս իշխանության մեծամասնությունը չի ծառայել բանակում, իսկ նորաթուխների մի զգալի մասը Արցախում չի էլ եղել ընդհանրապես: Ավելին, մեր տեղեկություններով, վերջերս Արցախ այցելած «իմքայլականների» մեծ մասն առաջին անգամ էր Արցախում: Երեւի թե օբյեկտիվորեն նաեւ սա է առկա մոտեցումների ու դիրքավորումների պատճառներից մեկը: Օրինակ՝ «Փաստի» տեղեկություններով , մայիսի 9-ին տեղի ունեցած հայտնի միջադեպերից բացի, պարզվում է, եղել են նաեւ այլ բնույթի սրացումներ: ՀՅԴ կողմից կազմակերպված համաժողովին, օրինակ՝ միայն վերջին պահին է մասնակցության համաձայնություն տվել իշխող «Իմ քայլը» խմբակցությունը՝ գործուղելով Տաթեւիկ Հայրապետյանին եւ Գոռ Գեւորգյանին: Ի դեպ, ականատեսների փոխանցմամբ՝ վերջիններս իրենց բավականին խորթ ու դիսկոմֆորտ վիճակում են զգացել ոչ միայն արցախյան, այլեւ հայաստանյան այլ կուսակցությունների հետ շփումներում: Նրանք իրենց պահել են բավականին մեկուսացած, կարճ ասած՝ իրադարձությունների կենտրոնում չեն եղել: Այս ամենին գումարած՝ փաստենք, որ մայիսի 9-ին վարչապետն ընդամենը 5 ժամով է եղել Արցախում, չի մնացել մինչեւ միջոցառումների ավարտը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ լիբանանյան կազմակերպությունը կտա իր եզրակացությունը՝ Ամուլսարի հանքի հետ կապված, մենք տեղեկացանք, որ իշխանությունն արդեն նահանջի քայլեր է անում։ «Լիդիան Արմենիան», հանքի շահագործման խոչընդոտները վերացնելու համար, 2 պահանջ էր ներկայացրել դատարանին․ մեկը՝ պարտավորեցնել ոստիկանությանը՝ վերացնել ներխուժումն իր տարածք, որ կարողանան աշխատել, քանի որ ոստիկանությունը չէր արձագանքել իր դիմումներին։ Այս պահանջը դատարանը բավարարել է, եւ ոստիկանությունը, որն իրավունք ուներ բողոքարկել այս որոշումը, վերաքննիչ բողոք չի ներկայացրել, եւ որոշումն ուժի մեջ է մտել։ Երկրորդ որոշումը վերաբերում է դատախազությանը, որը մերժել էր քրեական գործ հարուցել հանքի աշխատանքները խոչընդոտողների նկատմամբ։ «Լիդիանը» դիմել էր դատարան, խնդրելով պարտավորեցնել դատախազությանը՝ քրգործ հարուցել․ առաջին ատյանը մերժել էր պահանջը, իսկ վերաքննիչը բավարարել էր։ Թվում է, թե դատախազությունը պետք է բողոքարկեր այս որոշումը, բայց 15-օրյա ժամկետն անցել է, եւ չեն բողոքարկել։ Սա խոսում է այն մասին, որ իշխանությանը զգոնացրել է «Լիդիանի»՝ միջազգային արբիտրաժ դիմելու հայտարարությունը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ավելի քան երեք ամիս անց, ի վերջո, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը նոր ղեկավար ունի` Վիգեն Ավետիսյանը: Վերջինս, սակայն, պատահական անձ չէ: Ավետիսյանը ՀՀ բնապահպանության նախարարության հնաբնակներից է, նա 2002 թվականից աշխատել է նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Ուշագրավ է, որ նոր իշխանությունները Վիգեն Ավետիսյանին նշանակել են այս պաշտոնին այն դեպքում, երբ նա համարվում է բնապահպանության նախկին նախարար, այժմ առանձնապես մեծ չափերի կաշառք վերցնելու համար մեղադրվող ու հետախուզման մեջ գտվող Արամ Հարությունյանի` Բուլկու «մարդը»: Ու այս առումով կառավարության կադրային մոտեցումը, մեղմ ասած, տարօրինակ է: Հիշեցնենք` թավշյա հեղափոխությունից հետո տեսչական մարմնի ղեկավար նշանակվեց բնապահպան ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, որն էլ անակնկալ ձեւով ազատվեց աշխատանքից: Ըստ որոշ տեղեկությունների` նրա պաշտոնավարումը բնապահպանության նախարար էրիկ Գրիգորյանի սրտով չի եղել։ Ավելին` կառավարության, նաեւ նախարարության վերին օղակներին դուր չի եկել Գրիգորյանի գործելաոճը: Պարզվում է` Էրիկ Գրիգորյանը կարողացել է այնպիսի պետական պաշտոնյա գտնել, որին կկարողանա հեշտ ղեկավարել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի եւ ԱԺ մեծամասնության միջեւ եւս մեկ դիմակայություն է սպասվում: Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Ու սա այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է այդ պաշտոնին տեսնել միայն փաստաբան Վահե Գրիգորյանին՝ ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ի գործով տուժածների ներկայացուցչին: Ավելին՝ ԱԺ իշխող մեծամասնությունը ոչ մեկ անգամ է ուղղակի եւ անուղղակի հասկացրել, որ ուրիշ ում թեկնածությունն էլ ներկայացնի նախագահը, իրենք, միեւնույն է, մերժելու են: Ու չնայած Վահե Գրիգորյանն այս անգամ եղել է նախագահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նախագահի ներկայացնելիք հավակնորդների թվում, սակայն Արմեն Սարգսյանը նախապատվությունն այլ մարդու է տվել՝ այդպես հակադրվելով խորհրդարանական մեծամասնությանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցությունում այս հարցը թեեւ դեռ չի քննարկվել, սակայն նրանք հակված են առաջիկայում դեմ քվեարկել նաեւ Վաղարշյանին, ինչպես վերջին անգամ դեմ էին եղել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը: Չի բացառվում նաեւ, որ այս քայլով Արմեն Սարգսյանը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը, քաջ իմանալով որ, միեւնույն է, Վաղարշյանին ԱԺ-ն չի ընտրելու, ներկայացնում է նրան, որ երկրորդ անգամ մերժվելուց հետո հանգիստ ներկայացնի արդեն Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Մինչ այդ մեկ փաստ էլ. ամեն դեպքում անհասկանալի է իշխող մեծամասնության պահվածքը, երբ որոշել են այդ պաշտոնում ամեն գնով նշանակել կոնկրետ անձի, եւ հանուն նրա, ըստ էության, երկրորդ անգամ կարժեզրկվի խորհրդարանական ինստիտուտը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 23-ից կմեկնարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր ձեւավորվելիք վարչության անդամության թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Վարչությունը կընտրվի հունիսի 15-ին տեղի ունենալիք արտահերթ համագումարում, բայց մինչ այդ թեկնածուները պետք է քննություն հանձնեն ընտրողներին՝ ՔՊ-ականներին։ Առաջադրված 65 թեկնածուներից 3-ն ինքնաբացարկ են ներկայացրել, մյուսները մայիսի 23-ից սկսած՝ խումբ-խումբ կներկայացնեն իրենց ծրագրերը, ելույթներ կունենան, կուսակցական գործունեության մասին իրենց տեսլականները կներկայացնեն։ Օրական 6-8 թեկնածու կմասնակցի «քասթինգին», յուրաքանչյուրին հատկացվելու է 20 րոպե, նրանց ելույթները տեսագրվելու են եւ ուղարկվեն բոլոր 500 պատվիրակներին, ովքեր հնարավորություն չեն ունենա մասնակցել կուսակցության գրասենյակում անցկացվող քննությանը։ Պլանավորել են քարոզարշավը, հանդիպումները կազմակերպել երեկոյան ժամերին՝ աշխատանքների ավարտից հետո, որ դրանց մասնակցի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Չի բացառվում, որ մինչեւ քարոզարշավի մեկնարկը ինքնաբացարկի դիմումներ լինեն։ Համագումարը կկայանա «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Իսկ քվեարկությունը ռեյտինգային կարգով է լինելու՝ ամենից շատ ձայներն ստացած 21 հոգին կդառնան վարչության անդամ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, այժմ քրեական գործով մեղադրյալ Միհրան Պողոսյանը, որին հետախուզում էր հայտարարվել, հայտնաբերվել է ՌԴ-ում ու ձերբակալվել: Պողոսյանը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ իրավապահ մարմիններին բանավոր կերպով հայտնել են, որ ամենայն հավանականությամբ, նրան կարտահանձնեն: Բանն այն է, որ ուսումնասիրելով ՀՀ իրավապահ համակարգի միջնորդությունը՝ ռուս իրավապահներին արձանագրել են, որ նա քաղաքական հետապնդման չի ենթարկվում, այլ իրավական գործընթաց է ընթանում: Իսկ մինչ այդ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ-ում այս օրերին հարցաքննության են հրավիրում ԴԱՀԿ-ում Միհրան Պողոսյանի նախկին տեղակալներին, ԴԱՀԿ աշխատակիցներին եւ վերջիններիս կոնկրետ հարցեր ուղղում ԴԱՀԿ-ում ծախսված գումարների ծագումնաբանության եւ նպատակների մասին»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կրթության և գիտության նախարարությունը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցուցակում»՝ պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Նույն տեղեկությունների համաձայն՝ մանկավարժական համալսարանը գնումներ իրականացնելիս խախտումներ է թույլ տվել և հարուցել նախարարության դժգոհությունը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ` Գավառում կազմակերպված ««Իմ քայլը»` հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին մասնակցելու համար: Համաժողովից հետո տեղի էր ունեցել ցուցահանդես, որտեղ, չգիտես ինչու, որոշվել է ՀՀ վարչապետին, ողջ աշխարհից եկած հյուրերին ներկայացնել նաեւ քրեական աշխարհում սիմվոլ հանդիսացող նշաններից մեկը՝ ութանկյունը: Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ բողոքներ է ստանում մարզի բնակիչներից: Մարդիկ դժգոհ են այն հանգամանքից, որ մարզում անուղղակի կերպով «գողական» բարքեր են քարոզվում: Գեղարքունիքի մարզպետը որեւէ կերպ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին, իսկ մարզպետի օգնական Նարեկ Մանուկյանը հայտարարեց, որ այն ներկայացրել են Ճամբարակի ռոբոտաշինության խմբակի երեխաները, որը, ըստ օգնականի, այդքան էլ արտառոց երեւույթ չէ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություններն իրենց պատժաժամկետը կանցկացնեն ԱԱԾ մեկուսարանում: Իշխանությունը որոշել է «օրենքով գողերին» մեկուսացնել մյուս կալանավորներից, որպեսզի նրանք չկարողանան ազդեցություն ունենալ կալանավայրերի եւ կալանավորների վրա: Սա նշանակում է հրաժարում կալանավայրերի կառավարման խորհրդային մոդելից, որը գործում է նաեւ Ռուսաստանում, եւ որի դեմ կարծես թե փորձում են պայքարել նաեւ Ռուսաստանի իշխանությունները»: