25.11.2024
ԱԻՆ-ը տարհանում է Կառավարության 3-րդ մասնաշենքի մարդկանց. պայթուցիկի ահազանգ է ստացվել
prev Նախորդ նորություն

ՀՀ իշխող էլիտան մեսիջներ է հղում Մոսկվային իր լոյալության մասին

Ես հայ-ռուսական հարաբերություները գնահատել եմ, գնահատում ու գնահատելու եմ իբրև կոնստանտ: Դրանք կայուն են, երբեք չեն փոխվում, քանի որ մենք պատմական եղբայրներ ու բարեկամներ ենք: Մենք զինակից ընկեր ենք, ճակատագրով՝ բարեկամներ, մենք բարեկամ ենք կրոնով: Ես այս հարաբերությունները գնահատում եմ իբրև կայուն մեծություն, որ ժամանակի հետ չի կարող փոխվել: Դրանք մեր մշակույթի, պատմության, փիլիսոփայության, անցյալի, ներկայի ու ապագայի մի մասն են: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով երկար տարիներ բնակվել է Արևմուտքում և ունի սերտ ընկերական կապեր Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ մեսիջ է հղում Մոսկվային, որ անկախ որևէ քաղաքական գործչի շուրջ առկա իմիջի և բիզնես ու այլ կապերի Արևմուտքում՝ իր համար հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը զերծ է կոնյուկտուրայից:

Սարգսյանը հատուկ շեշտադրում է անում, որ հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի ապագայի անբաժանելի մի մասնիկն են, դրանով իսկ կանխատեսելով այդ հարաբերությունների զարգացում նաև ապագայում:

ՀՀ ներքաղաքական դաշտում ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ: Այսօրվա ՀՀ կառավարության մեծամասնությունը նախկինում հանդես էր գալիս ՌԴ-ի դեմ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի դեմ ու ակցիաներ էին անցկանցնում Երևանում ՌԴ դեսպանատան դեմ, իսկ այժմ բոլորը սկսել են իրար հերթ չտալով գովերգել հայ-ռուսական հարաբերություններն ու փորձել Մոսկվայի աչքում երևալ որպես ռուսամետ գործիչներ և հայ-ռուսական հարաբերությունների խորացման լոբբինգով զբաղվող ակտորներ:

ՀՀ նախագահը նույնպես սկսել է Մոսկվային մեսիջներ հղել, որ ՌԴ-ն նրան կարող է նույնպես դիտարկել, որպես դաշնակից ու հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից՝ անկախ իր շուրջ ձևավորված արևմտամետ քաղաքական գործչի կերպարի: Ռուսամետության մասին հայտարարություններին զուգահեռ Արմեն Սարգսյանի խորհրդական է Թևան Պողոսյանը, ով 2001-2012 թվականներին եղել է Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն ու աչքի է ընկել Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման լոբբինգով:

Փաշինյանն ու իր թիմը, այժմ էլ Արմեն Սարգսյանը տարբեր ռուսական ԶԼՄ-ների միջոցով ռևերանսներ են անում դեպի ՌԴ՝ դրանով իսկ ցույց տալով, որ իրականում հայ-ռուսական հարաբերությունների կուլիսներում առկա են բազմաթիվ հարցեր և այսօրվա ՀՀ-ի իսթեբլիշմենթը ստիպված է ամեն անգամ իր լոյալության մասին շեշտադրումներ անել:

Հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը ՀՀ-ի համար վիճարկման ենթակա չէ և այդ հարաբերությունները պետք է հագեցնել նոր տնտեսական, ռազմա-քաղաքական օրակարգով ու բովանդակությամբ, որպեսզի կարիք չլինի ամեն անգամ խոսել այդ հարաբերությունների կարևորության մասին, իսկ իրականում առկա լինեն լատենտային բազմաթիվ խնդիրներ: