Հայաստանը ՌԴ-ից որևէ դիմում կամ հաղորդում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան երկրից դուրս բերելու մտադրության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ «Որքանով ես տեղյակ եմ, ՀՀ-ն՝ Պաշտպանության նախարարությունը կամ Արտաքին գործերի նախարարությունը, և հատկապես խորհրդարանն էլ ՌԴ-ից նման դիմում կամ տեղեկանք չեն ստացել, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է դուրս բերել ռազմաբազան»,- մեկնաբանելով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այսօրվա հայտարարությունը, թե Մոսկվան Հայաստանից ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ դիմում չի ստացել ասաց Ալեքսանյանը։ Միևնույն ժամանակ ԱԺ փոխնախագահը նշեց, որ եթե ռուսական կողմը ցանկանում է դուրս բերել ռազմաբազան, ապա այդ հարցը կարելի է քննարկել, հասկանալ: "Եթե նրանք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն դրա մասին",- ասաց Ալեքսանյանը: