Red Wings ավիաընկերությունը հունիսի 4-ից կսկսի Օրենբուրգ-Երևան-Օրենբուրգ երթուղով չվերթների իրականացումը, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը: «Թռիչքները կիրականացվեն ռուսական SSJ-100 ինքնաթիռներով՝ շաբաթական մեկ անգամ ամառային սեզոնի ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ավիաընկերությունից հայտնել են նաև, որ մեկնումը Օրենբուրգից տեղի կունենա հինգշաբթի օրերին՝ ժամը 11:10-ին, թռիչքի տևողությունը դեպի Հայաստանի մայրաքաղաք կկազմի 3 ժամ 5 րոպե, իսկ հետադարձ չվերթը Երևանից կմեկնարկի ժամը 14:05-ին: Օրենբուրգը դարձել է ավիաընկերության երթուղային ցանցի յոթերորդ քաղաքը, որտեղից հասանելի են ուղիղ չվերթներ դեպի Հայաստան: Ներկայումս Red Wings-ը թռիչքներ է իրականացնում դեպի Երևան Սոչիից, Միներալնիե Վոդիից, Սամարայից, Նիժնի Նովգորոդից, Կազանից և Չելյաբինսկից: