Պետծառայողների աշխատավարձը կաճի մինչև 80%-ով՝ պայմանավորված աշխատանքի արդյունքով
Լուսանկարը` Yerevan today
Հայաստանի կառավարությունը հաստատել է պետական ծառայողների վարձատրության և կադրային քաղաքականության համապարփակ բարեփոխումների փաթեթը: Սկսած 2027 թվականից՝ չինովնիկների եկամուտներն ուղիղ համեմատական են լինելու նրանց աշխատանքի արդյունավետությանը, ինչի շնորհիվ բարձր կատարողական ունեցող կադրերի աշխատավարձը կաճի մինչև 80 տոկոսով։
Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի հաստատմանն ուղարկված նախագիծը ենթադրում է, որ 2027 թվականի պետական բյուջեից կպահանջվի մոտ 30 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում։ Ինչպես պարզաբանել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, կատարողականի գնահատման նոր՝ քանակապես չափելի համակարգի ներդրումը թույլ կտա կտրուկ բարելավել պետական համակարգի գրավչությունը: Եթե աշխատակիցն ապահովի 80 և ավելի տոկոս արդյունք, նրա վարձատրությունը զգալիորեն կավելանա։
Մասնավորապես, մասնագետների 250-350 հազար դրամ միջին աշխատավարձը կհասնի 450-500 հազարի, իսկ վարչության պետերը գործող 520-550 հազար դրամի փոխարեն կկարողանան ստանալ մինչև 800-900 հազար դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը որակել է որպես պետական ինստիտուտների ուժեղացմանն ուղղված ռազմավարական քայլ. «Այս բարեփոխումը չանել նշանակում է Հայաստանի Հանրապետությունը դատապարտել տեղապտույտի վիճակի և Հայաստանի Հանրապետությունում պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը»:
Ֆինանսական բաղադրիչից բացի, արմատապես փոխվում է նաև համակարգի համալրման և կենսաթոշակային ապահովման տրամաբանությունը: Նախագծով վերանում է թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների ներքին և արտաքին տարանջատումը. այսուհետ կգործի մեկ միասնական բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր համապատասխանող անձինք՝ անկախ պետական համակարգում աշխատելու հանգամանքից։
Միաժամանակ վերանայվում են իրավապահ որոշ մարմինների աշխատակիցների կենսաթոշակային պայմանները՝ 20-ամյա ծառայության դիմաց կենսաթոշակի անցնելու փոխարեն ներդրվում են երկարամյա ծառայությունը խրախուսող մեխանիզմներ՝ մի շարք պաշտոնների համար սահմանելով 60 տարեկանի նվազագույն շեմ: Նախագիծը չի տարածվի այն կառույցների վրա (հիմնականում ուժային), որտեղ արդեն իսկ գործում է ատեստավորման հիմքով աշխատավարձերի հաշվարկման մոդելը: