17.09.2026
Կոպիրկինը Սյունիքի ղեկավարների հետ քննարկել է ՌԴ ներդրումների ներգրավումը
prev Նախորդ նորություն

Քաղաքացիները կկարողանան իրենց հարկերով ֆինանսավորել ԶԼՄ-ներին. կառավարության որոշում

Լուսանկարը` aravot.am
Լուսանկարը` aravot.am

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հարկային օրենսգրքում նոր փոփոխություններին, որով քաղաքացիները հնարավորություն կստանան իրենց վճարած եկամտային հարկի մի մասն ուղղել անկախ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների ֆինանսավորմանը:


Ֆինանսների նախարարության մշակած Հարկային օրենսգրքի նոր նախագիծը, որն այսօր` սեպտեմբերի 17-ին, ներկայացվեց գործադիրի նիստում, գործող սոցիալական ծախսերի համակարգում ներդնում է նոր մեխանիզմ: Ազգային ժողովի հաստատմանը սպասող այս փաստաթուղթը ենթադրում է, որ սկսած 2026 թվականից՝ տարեկան եկամտային հարկի հայտարարագիր լրացնելիս յուրաքանչյուր ոք կկարողանա իր հաշվարկված կամ վճարված հարկերից անհատույց հատկացումներ անել նախընտրած կառույցներին: Նոր նախագծով գործող «փոխհատուցում» ձևակերպմանը կավելանա նաև «հատկացում» հասկացությունը:


Թեև ուղղվող գումարի առավելագույն շեմը դեռ հստակեցված չէ և կսահմանվի կառավարության առանձին որոշմամբ, հանրային քննարկումների փուլում որպես հնարավոր տարբերակ շրջանառվել է հարկի մեկ տոկոսի ուղղորդումը:


«Լրատվամիջոցների կայուն և շարունակական գործունեությունը առանցքային նշանակություն ունի ազատ և անկողմնակալ խոսքի զարգացման համար, մինչդեռ Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից նրանց աջակցելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ դեռևս ձևավորված չեն»,- նշված է ֆինանսական գերատեսչության պաշտոնական հիմնավորման մեջ: Նախարարությունում ընդգծում են, որ վերջնական չափաբաժինը կորոշվի՝ ելնելով պետական բյուջեի հնարավորություններից:


Հատկանշական է, որ պետությունը չի կազմելու արտոնյալ լրատվամիջոցների անվանական ցանկ: Փոխարենը մշակվելու են հստակ ու թափանցիկ չափանիշներ, որոնց բավարարող ցանկացած լրատվական իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կկարողանա դառնալ ծրագրի շահառու: Օրենքի վերջնական ընդունումից հետո գործադիրը կունենա երեք ամիս ժամանակ՝ տվյալների հրապարակման, փաստաթղթավորման և այլ ենթաօրենսդրական ակտերը հաստատելու համար:

Լուսանկարը` Yerevan today
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ
16.09.2026
ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ