Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) կասեցրել է Երևան-Կապան-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը։ Այս մասին գրում է «Հետք»-ը։ Առանց այս փաստաթղթի՝ ընկերությունը չի կարող առևտրային գործունեություն ծավալել։ Վկայականի գործողությունը կասեցվել է հոկտեմբերի 27-ին՝ վեց ամիս ժամկետով, մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը։ Կոմիտեի այս քայլը բխում է օրենսդրության պահանջից։ Ըստ կառավարության սահմանած կարգի՝ ՕՇՎ ստանալու կամ այն վավեր պահելու համար փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ։ «ՆովԷյր»-ի միակ օդանավը՝ չեխական L-410UVP-E20 (EK-4117) տիպի ինքնաթիռը, ներկայումս գտնվում է տեխնիկական սպասարկման փուլում։ Դեռևս սեպտեմբերի 2-ին ընկերությունը հայտարարել էր թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին՝ նշելով, որ տեխսպասարկումը կարող է տևել մինչև չորս ամիս։ Երևան-Կապան-Երևան ավիաուղղությունը մեծ պահանջարկ ուներ։ Ուղևորահոսքի աճով պայմանավորված՝ այս տարվա ապրիլից չվերթները շաբաթական 3-ի փոխարեն իրականացվում էին 5 անգամ՝ մայրաքաղաքից Կապան հասնելով 40 րոպեում։ 2025-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում «ՆովԷյր»-ն իրականացրել է 95 չվերթ՝ տեղափոխելով 2096 ուղևորի։