Ո՞ր կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը
Հայաստանում խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն իրականացնում է ջրամատակարար կազմակերպությունը, իսկ սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշվում է, որ Հայաստանում խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները ներկայում սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով։
«Խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է արտադրական հսկողություն՝ ջրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, իսկ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: ՀՎԿԱԿ-ը ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ։
Միաժամանակ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման շրջանակում ՀՎԿԱԿ-ն իրականացնում է խմելու ջրի անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու հնարավոր սանիտարահամաճարակային ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան հանրային առողջապահական միջոցառումներ:
Ջրի որակի արտադրական հսկողությունը, պետական վերահսկողությունը և կենտրոնի կողմից իրականացվող անկախ մոնիթորինգը տարբեր գործառույթներ են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղված են բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության պահպանմանը»,- հավելել են կենտրոնից։
Հիշեցնենք, ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները նմուշառում են իրականացրել այն բանից հետո, երբ Ծավի բնակիչներից մեկը հայտնել է իր բնակարանի ծորակից հոսող ջրում մետաղական զանգված նկատելու մասին։ Նախօրեին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։
Կրկնակի նմուշառումներ են կատարվել չորս կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից, և սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով նույն շեղումը կրկին արձանագրվել է։ Մինչև ջրի որակի վերականգնումը Ծավի բնակիչներին հորդորվել է ջուրը չօգտագործել խմելու և կենցաղային նպատակներով։ Առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ բնակիչների շրջանում չեն արձանագրվել։