22.12.2024
Նախարար. Հայաստանի դեմ բացվում է ԵՏՄ աշխատաշուկան առանց սահմանափակումների
04.03.2015
Նախարար. Հայաստանի դեմ բացվում է ԵՏՄ աշխատաշուկան առանց սահմանափակումների

Հայաստանն, անկասկած, իր ներդրումը կունենա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) զարգացման գործում: Այս մասին երեկ Մոսկվայում տեղի ունեցած «ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնում. առանձնահատկություններ եւ հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ընթացքում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Կարինե Մինասյանը: Ներկայացնելով ԵՏՄ մուտ գործելու առավելություններն ու հնարավորությունները` Մինասյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանին շահավետ ներմուծման տուրքերը շատ ապրանքախմբերով պահպանվել են: «Պահպանվել են շահավետ ներմուծման տուրքերը շարժիչային եւ տրանսպորտային միջոցների, սննդամթերքի, դեղորայքի, նավթամթերքի եւ պարարտանյութերի համար: Ներմուծման մաքսատուրքերից ազատվում են ռազմական նշանակության ապրանքները, ինչպես նաեւ քաղաքացիական ինքնաթիռները եւ ուղղաթիռները»,- ասել է նա, հայտնում է aravot.am-ը: Հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ խոսելով երրորդ երկրների տարածքով ապրանքների փոխադրման մասին՝ Կարինե Մինասյանն ասել է, որ այդ ապրանքները պահպանում են ԵՏՄ ապրանքների կարգավիճակը եւ սովորական փաստաթղթերի հետ լրացվում է նաեւ տրանզիտային հայտարարություն. «Մեկ տարվա ընթացքում գործելու է դրույթ, որով հայաստանցի գործարարը իրավունք կունենա աշխատելու կամ ԵՏՄ, կամ էլ ազգային օրենսդրությունների համաձայն»: Նախարարի խոսքերով՝ հայաստանցի աշխատանքային միգրանտների գործը ավելի է հեշտացել: Հիմա Հայաստանի քաղաքացիները առանց որեւէ սահմանափակման, աշխատանքային պայմանագրով կարող են աշխատել միության ամբողջ տարածքում, ինչպես նաեւ 30 օր առանց գրանցման բնակվել միության երկրների տարածքում: Կարինե Մինասյանը նաեւ հավելել է, որ միայն Հայաստանը չէ, որ նոր հնարավորություններ է ստանում միություն մուտք գործելուց. «Հայաստանը հենվելով ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային ռեֆորմների արդյունքում ձեռքբերած փորձի եւ մրցակցային ունակությունների վրա, անկասկած, իր ներդրումը կունենա ինտեգրացիոն ծրագրի զարգացման գործում»: Այդ պատճառով, ըստ նախարարի, մոտ ապագայում ԵՏՄ շրջանակներում կարող է օգտագործվի Հայաստանի փորձը ապրանքների շրջանառության ամբողջական ազատությանը հասնելու եւ լիբերալ օրենսդրություն ու ճկուն մաքսային ռեժիմ ստեղծելու համար: Կարինե Մինասյանը չի բացառել նաեւ, որ Հայաստանը կարող է դառնալ միությունում սոցիալական բլոկի զարգացման նախաձեռնող: Այսինքն` ապահովվի ամբողջական սոցիալական ապահովագրություն, միության տարածքում պրոֆեսիոնալ կրթության ստանալու հնարավորություն եւ այլն: