Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին, որովհետև առաջին անգամ նորանկախ ՀՀ պատմության մեջ տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Բացի այս, այս քաղաքական գործընթացը մի շարք նորամուծություններ իր հետ առաջ բերեց, ինչը ողջունելի է: Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքագետ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամ Գրիգոր Բալասանյանը՝ ներկայացնելով կուսակցության գնահատականը անցած ընտրություններին:
«Առաջին անգամ ընտրություններն անցան առանց լուրջ միջադեպերի, առանց տխրահռչակ գործընթացների, որոնց ականատեսն էին լինում տարիներ շարունակ, ընտրությունից ընտրություն՝ ծեծկռտուք, ընտրակաշառքի բաժանում, լցոնումներ և այլն: Նաև ողջունելի է, որ առաջին անգամ տեղի ունեցավ հեռուստաբանավեճ, որին մասնակցեցին բոլոր ուժերի առաջնորդները»,- նշեց նա:
Բայց միայն լավը չէ, որ կարելի է հիշատակել: Ըստ Բալասանյանի, մենք, ցավոք, ականտես չեղանք գաղափարական ծրագրերի բախման և ընտրողը ոչ թե ընտրություն կատարեց ծրագրերի միջև, այլ ընտրություն կատարեց անձանց և կուսակցությունների միջև, ինչը թույլ է տալիս ասել, որ սա ավելի շատ անձնավորված ընտրություն էր, քան երբևէ եղել էին Հայաստանի պատմության մեջ:
Նրա խոսքով, այս իմաստով աչքի են ընկել բոլոր կուսակցությունները և նույնիսկ ֆավորիտ համարվող «Իմ քայլը» դաշինքը ևս շատ չէր կենռտրոնացել իր ծրագրի տնտեսական բաղադրիչի վրա, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել.
«Ի վերջո, խոսքը իշխող կուսակցության մասին է, որը ձևավորելու է կառավարություն, բայց որը, փաստացի, տնտեսական տեսլական այդպես էլ չներկայացրեց երկրի զարգացման ապագայի հետ կապված: Սա նշանակում է, որ ընտրությունների արդյունքներով մենք այսօր չենք կարող փաստել, թե ինչպիսի ապագա ենք ունենալու և ինչ ծրագրեր է իրականացնելու Նիկոլ Փաշինյանի կառավարությունը»,- շեշտեց նա:
Փոխարենը, նկատեց նա, դաշինքը կենտրոնացած էր կոնկրետ մեկ քաղաքական ուժի օգտին չքվեարկելու հրամայականի վրա, ինչը մտահոգիչ է և պատիվ չի բերում ցանկացած իշխող կուսակցությանը:
Բալասանյանը նաև ասաց, որ որևէ մեկին, առավել ևս՝ վարչապետի պաշտոնակատարի, պատիվ չի բերում այն ագրեսիվ հռետորաբանությունը, որին ականատես եղանք. «տալ պատերով», «փռել ասֆալտին» և այլ արտահայտությունները, որոնց պակաս այդ օրերին Փաշինյանի շուրթերից չեղավ, պետք է հետագայում բացառվեն, հատկապես ընտրական գործընթացներում.
«Սա երկրի վարչապետին հարիր երևույթ չէ և հարիր քարոզարշավային պահվածք չէ: Հույս ունենանք, որ հետագա ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը սա հաշվի կառնի»,- հավելեց քաղաքագետը: