17.09.2025
Նախարարը Սերժ Սարգսյանին է ներկայացրել բարեփոխումները կոռուպցիայի դեմ պայքարում
13.05.2017
Նախարարը Սերժ Սարգսյանին է ներկայացրել բարեփոխումները կոռուպցիայի դեմ պայքարում

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր հանրապետության նախագահին է զեկուցել նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացվող միջոցառումները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձեռնարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումները: Նախարարը ներկայացրել է, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմինը ձևավորվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա և հաշվի առնելով Սահմանադրության նոր լուծումները՝ ունենալու է ինքնավար մարմնի կարգավիճակ: Նոր մարմինը, ըստ արդարադատության նախարարի, օժտված է լինելու միջազգային չափանիշներին համահունչ անկախության երաշխիքներով՝ դրա անդամները նշանակվելու են Ազգային ժողովի կողմից, իրենց լիազորություններն իրականացնելիս չեն ենթարկվելու որևէ պաշտոնատար անձի կամ մարմնի, ինչպես նաև օգտվելու են անձեռնմխելիությունից: Մարմինը ֆինանսավորվելու է պետական բյուջեից և ունենալու է առանձին աշխատակազմ: Արփինե Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին է զեկուցել նաև, որ հակակոռուպցիոն մարմնին վերապահվել են այնպիսի նոր լիազորություններ, ինչպիսին են՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի վերլուծությունը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անհամատեղելիության պահանջների և սահմանափակումների պահպանմանը հետևելը, կրթական և հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելը և այլն: Հայտարարագրերի ներկայացման հետ կապված պահանջները խախտելու դեպքում, մարմինն իրավասու է լինելու պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, իսկ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ համապատասխան նյութերն ուղարկելու է դատախազություն: Արդարադատության նախարարը տեղեկացրել է նաև, որ բարեփոխվել են կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող մի շարք ինստիտուտներ, այդ թվում՝ ներդրվել է շահերի հայտարարագրման համակարգ, ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը, հստակեցվել են շահերի բախումները կանխարգելող կանոնները: Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին պաշտոնավարման ընթացքում նրա գործունեության համար և վստահություն հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովում նա կաշխատի նույնպիսի եռանդով և կլինի նույնքան ակտիվ, որքան կառավարությունում: