26.11.2024
The Economist պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արցախի նախագահի թեկնածուների շքերթը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն ուրվագծվում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները: Ամենից շուտ պայքարի մեջ մտավ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով հատկապես վերջին շրջանում ակտիվ է՝ ֆեյսբուքյան գրառումներ է անում, Արցախում և ՀՀ-ում հանդիպումների շարք է սկսել: Մյուսն ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանն է, ով ևս քաղաքական կոնսուլտացիաների մեջ է՝ առայժմ ոչ հրապարակային: Երրորդ թեկնածուն ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է, ով դիվանագիտական մեծ փորձ ունի: Ամենայն հավանականությամբ, Արցախում իրադարձություններն ակտիվ փուլ կմտնեն հաջորդ տարվա կեսից: Թե ում կպաշտպանեն Բակո Սահակյանն ու ուժայինները, դեռ պարզ չէ, նրանք կարծես չեն շտապում։ Իսկ ժամանակ առաջ Բակո Սահակյանի թեկնածուն համարվում էր Արշավիր Ղարամյանը, ով Սասուն Միքայելյանին հակադարձողներից մեկն էր»։


«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ։ «Մինչև հիմա մեզ ո՛չ կանչել, ո՛չ խոսել են, նեղ կազմով հավաքվում, պայմանավորվում են, հետո վարչության անդամներին տեղյակ են պահում, անգամ Սասուն Միքայելյանն այդ նեղ կազմում չէ»,- ասաց մեկը։ Շատերի ճակատագիրն այս պահին դեռ որոշված չէ, այդ թվում՝ առողջապահության նախարար Ա․ Թորոսյանի ու Ա․Հարությունյանի։ Մինչև վերջերս Թորոսյանը շատ ինքնավստահ էր, որ սոցապնախարարության հետ միավորված սուպերնախարարության գլխին ինքն է լինելու․ «Մեկ ամիս առաջ իր հետ նման խոսակցություն է եղել, սակայն վերջին օրերին նախարարի նոր անուն է շրջանառվում․ Միքայել Ադամյան՝ Նորք-Մարաշի սրտաբանականի տնօրենի ԺՊ-ն, որին «բրթում» է Արարատ Միրզոյանը։ Իսկ ԱԺ խմբակցության ղեկավար կդառնա Լիլիթ Մակունցը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում օրենքների նախագծերի քվեարկությունը կանցկացվի հարցի քննարկումից անմիջապես հետո: Նախորդ խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավարները հարցերի քվեարկությունները կազմակերպում էին առավոտյան ժամերին, որպեսզի գերզբաղված ՀՀԿ-ականները մի 10 րոպեում սեղմեին կոճակները և գնային իրենց գործերով: Հիմա նման խնդիր այլևս չկա, պատգամավորները նիստի ամբողջ ընթացքում պետք է լինեն խորհրդարանում և պետք եղած ժամանակ մասնակցեն քվեարկություններին: Իսկ քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից, ինչպես որ պահանջում է օրենքը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար կնշանակվի մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը: Մակունցը նախարար չի վերանշանակվի, որովհետև ՔՊ-ում համարում են, որ նա տապալվել է մշակույթի նախարարի պաշտոնում և թշնամացել մշակութային գործիչների հետ: Մինչդեռ, խմբակցության ղեկավարի պաշտոնը թեև հնչեղ է, բայց իրականում զուտ արարողակարգային, քանի որ ՔՊ-ում բոլոր հարցերը որոշվում են մեկ անձի մակարդակով»:


«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից ԱԺ խմբակցությունների ղեկավարերին ու մշտական հանձնաժողովների նախագահներին հրահանգվել է հանձնել ծառայողական ավտոմեքենաները: «Եվ սա այն դեպքում, որ մինչ նոր խորհրդարանի անդրանիկ նիստը իրավունքի ուժով արձակված այդ խորհրդարանի անդամները դեռ համարվում են պատգամավոր եւ պետք է օգտվեն իրենց իրավունքներից: Մեզ հայտնի դարձավ, որ մի մասին ուղղակի ասվել է հանձնել մեքենաները, մի մասին էլ ասվել է, որ տեխզննում անցնելու համար մի քանի օրով դրանք պետք է թողնել ավտոտնակում: Բաբլոյանի անունից իջեցված հրահանգը դժգոհությունների առիթ է հանդիսացել: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» թերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին, որն էլ նշեց. «ԱԺ նախագահը չի զբաղվում այդպիսի հարցերով։ Իսկ մեքենաները կհանձնեն լիազորությունների ավարտից ողջամիտ ժամանակ առաջ»: Դիտարկմանը` ի վերջո, նման հրահանգ եղե՞լ է, թե՞ ոչ, եւ արդյոք վերադարձրե՞լ են, նա նշեց. «Հրահանգ չի եղել, մենք պատրաստվել ենք, որ հանձնողներից կարողանանք ստանալ: Այսինքն` գարաժն արդեն պատրաստ է, որ մեքենաներն ի պահ հանձնվի եւ կայանվի ավտոտնակում»»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջնական որոշված է՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն դարձնել 11, որը կբաշխվի ըստ Դոնթի բանաձեւի․ մեծ ֆրակցիաներին՝ շատ, փոքրերին՝ քիչ։ Սակայն հանձնաժողովների նախագահները դեռեւս որոշված չեն։ Նոր հանձնաժողովները լրացուցիչ ծախս են բյուջեի վրա, որովհետեւ հանձնաժողովի նախագահների ստատուսը նախարարի ստատուսին հավասարեցված է, աշխատավարձը՝ բարձր, սպասարկող անձնակազմ, «պադավատ», տեղակալ, որը նույնպես պետք է ապահովված լինի նման «բարիքներով»։ Հիշեցնենք՝ ՀՀԿ-ի ժամանակ «Ելքին» հանձնաժողով չհասավ, քանի որ ՀՀԿ-ն կրճատեց դրանց թիվը, որ «Ելքից» որեւէ մեկը հանձնաժողովի նախագահ չդառնա»։


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմն այս օրերին խառն է, նախկինները սենյակներն են դատարկում՝ «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին։ Ըստ մեր աղբյուրների՝ անգամ սենյակների կահավորման հարցով զբաղվում է Փաշինյանը։ «Իմ քայլն» առաջին հարկից կբարձրանա «էլիտար» հարկ՝ դահլիճի կողքի աշխատասենյակները․ դեռ որոշված չէ, թե որ թեւում։ Բացի 27 նոր պատգամավորների դարդուցավից՝ աթոռներ, համակարգիչներ, ավտոմեքենաներ, գլխացավանք է նաեւ լրագրողների հավատարմագրումը՝ 1-շաբաթյա ժամկետում։ Նախորդ տարիներին տեւում էր 1 ամիս։ Ընդ որում, դա արվում է քարի դարի սկզբունքով՝ առձեռն 2 լուսանկար, խմբագրությունից կնքված հայտ՝ ԱԺ ընդունարանի արկղի մեջ, սկզբում՝ նամակների բաժին, հետո՝ լրատվական, թղթապանակ սարքել, բեյջեր տպել, մինչդեռ կարելի էր համացանցի միջոցով»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Փարավոն» հյուրանոցային համալիրի կառուցման համար անհրաժեշտ բոլոր շինարարական նյութերն ու կահավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի, այսպես կոչված՝ «լևի»: Դա տեղի է ունեցել նախկին իշխանությունների հետ սերտ համագործակցության պայմաններում, և արդյունքում օգտվել են ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ «Փարավոնի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Միակ տուժողը, ինչպես միշտ, եղել է Հայաստանի Հանրապետությունը` չստացած հարկերի տեսքով: Ըստ մեր աղբյուրի՝ եթե օբյեկտիվ ստուգումներ իրականացվեն, ապա հնարավոր կլինի բացահայտել պետությանը պատճառված բազմամիլիարդանոց վնասներ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո սկսել է աշխատել նաեւ ՏՄՊՊՀ-ն: Պետական կառույցը, որին մշտապես մեղադրել են մենաշնորհների դեմ չպայքարելու, այլ, ընդհակառակը, նրանց հովանավորելու մեջ, այս տարվա ընթացքում լուրջ արդյունքներ է արձանագրել: Մասնավորապես, եթե 2014 թվականին կարագի շուկայում գործել են թվով 24 տնտեսվարողներ, ապա այս տարի նրանց թիվը դարձել է 57: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նվազել է` 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում է 149-ը, խոշորների մասնաբաժինը նվազել է` դառնալով 38 %-ից 5 %: Շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը 36-ից դարձել է 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը 94%-ից` 78%: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ են զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է` 92%-ից հասնելով 56%-ի: Փաստորեն, լավ աշխատելու համար պետք էր իշխանությունների քաղաքական կամքը, երբ գերիշխող դիրք ունեցողները զիջում են իրենց դիրքերը:


«Փաստ» թերթը գրում է. «88 հոգանոց ֆրակցիայում, որտեղ ներառված են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, չեն կարող չլինել որոշակի բախումներ, քննարկումներ, քննադատություն իրար նկատմամբ, եւ կարծում եմ՝ իրական ընդդիմության խնդիր մենք չենք ունենալու, որովհետեւ «Իմ քայլը» դաշինքի ներսում նմանատիպ քննադատություն լինելու է»,- նախօրեին նման միտք է հայտնել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Առաջին հայացքից Ավինյանի այս գնահատականը բավական իրատեսական է: Հեղափոխությամբ իշխանության եկած ուժը օբյեկտիվորեն ունի մոնոլիտության, ներքին փոխազդեցությունների կարգավորման խնդիր: Ասել է թե՝ ներքին հակասություններն իշխող թիմում անխուսափելի են թե՛ օբյեկտիվ ու ներքին պատճառներով, թե՛ արտաքին պատճառներով՝ իշխանությանն այս պահին հակազդող այլ դերակատար չկա, ինչը ստեղծում է նպաստավոր պայմաններ ներիշխանական հակասությունների դրսեւորման համար՝ բացառելով պաշտպանվելու ու կոնսոլիդացվելու անհրաժեշտությունը: Ամեն դեպքում, ինչքան էլ որ իրատեսական թվան այս գնահատականները, կան որոշակի խնդիրներ: Նախ, դժվար է պատկերացնել, թե ինչպես են թեկուզեւ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, օրինակ, վիճարկելու Փաշինյանի այս կամ այն նախաձեռնություն, եթե հայտնվել են ԱԺ-ում հենց Փաշինյանի շնորհիվ:


Մյուս խնդիրն այն է, որ իշխանության հախուռն ձեւավորումը՝ պայմանավորված հեղափոխության հախուռն էությամբ, փաստացի շարունակվեց նաեւ, երբ ավելի հանդարտ պայմաններում մի կողմից համալրվում էր ՔՊ-ն, մյուս կողմից կազմվում էր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը: Ցուցակի կազմման գործընթացն ակնհայտորեն ընթանում էր ոչ միայն կուլիսային պայմանավորվածությունների միջավայրում՝ հասարակական տարբեր շրջանակների աչքից հեռու, այլեւ ցույց էր տալիս, որ որեւէ ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմ գոյություն չունի: Այսինքն, ցուցակը կազմվում էր ՔՊ-ի եւ հեղափոխության ավանգարդը կազմող նեղ շրջանակի հայեցողության շրջանակներում: Հետեւաբար՝ ցուցակի առաջատար կամ հետնապահ տեղերում հայտնվածները, ԱԺ անցածներն ու չանցածները քաղաքական կախվածության մեջ են հայտնվում ոչ միայն Փաշինյանից ու նրա վարկանիշից, այլեւ ՔՊ-ի ու իշխանության նեղ վերնախավից ու դրա առանձին խմբերից: Սա, իհարկե, չի նշանակում, որ ներքին հակասություններ իշխանության ներսում չեն լինելու: Բնականաբար, լինելու են: Բայց նախ՝ այդ կոնֆլիկտներն ու կոնֆլիկտող կողմերը միշտ ստորադասվելու են Փաշինյանի անձին, այնուհետ՝ այդ անձից ներքեւ գտնվող իշխանական նեղ վերնախավի շահերին: Երկրորդ՝ այդ կոնֆլիկտների արտահայտման քաղաքական մեխանիզմներ չեն ներմուծվել ի սկզբանե, ինչը նշանակում է, որ վտանգ կա, որ դրանք դառնան ներկուսակցական ինտրիգներ ու կուլիսային սակարկումներ, որոնք ոչ միայն որեւէ կապ չունեն հանրության հետ, այլեւ ամեն անգամ հասնելով որոշակի էսկալացիայի՝ դառնալու են Փաշինյանի կարգավորման առարկան՝ երիցս բարձրացնելով նրա՝ առանց այդ էլ բարձր, թիմի հանդեպ ահռելի առավելություն ունեցող քաղաքական կշիռը»: