Ֆիննախ. Հայաստանը մոտենում է պարտքի վերին սահմանին
Հայաստանը մոտենում է պարտքի վերին սահմանին, սակայն վիճակը սարսափելի չէ: Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը Ազգային Ժողովում պատասխանելով ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արտաքին պարտքի հետ կապված հարցին:
Ըստ Զուրաբյանի՝ մտահիգիչ է պետական պարտքի շարունակական աճը հատկապես բյուջեի դեֆիցիտի մեծացամն պայամններում: «Տեսնում ենք հանքարդյունաբերության անկառավարելի և վտանգավոր չափերի հասնող աճ՝ 57 տոկոս, ինչը նշանակում է, որ ընդերքն անխնա է օգտագործվում», - ասաց է նա:
Միևնույն ժամանակ, ըստ Զուրաբյանի, աճում է գործազրկությունը, արտագաղթի տեմպերը նույնն են, ազգաբնակչության գնողունակությունը, տրանսֆերտները անկում են ապրում, եկամուտները նվազում են, ներդրումների նույնպես: «Այսինքն՝ բոլոր ցուցանիշներով ունենք անմխիթար անկում: Օրինակ, ո՞նց եք պատկերացնում, հնարավո՞ր է արդյոք, որ երկիրը երկար գտնվի այդ վիճակում, այսինքն՝մի կողմից աճեն պարտքերը, մյուս կողմից չլինի երկրի զարգացում», - ասաց նա:
Պավել Սաֆարյանը համաձայնեց, որ եթե Լևոն Զուրաբյանի նկարագրածի պես լինի, իհարկե վիճակը շատ անմխիթար կլինի: «Մենք մոտենում ենք պարտքի վերին սահմանին: Մեր արտաքին պարտքի տոկոսը այսօրվա դրությամբ 51 տոկոս է կազմում, մենք դրա մասին մտածելու բան ունենք, սակայն սարսափելու հիմքեր չկան», - ասաց նա: Ըստ Սաֆարյանի, այն որ պետությունը կարողանում է պարտք վերցնել խոսում է այդ պետության տնտեսության իրացվելիության մասին:
«Լավ է, որ պետությունը կարողանում է պարտք վերցնել, սակայն դա չի նշանակում, որ չպետք է մտածել, որ ամեն մի ցենտը ծառայի իր նպատակին: Մեր արտաքին պարտքը այնպիսի մակադրակի վրա չէ, որ շատ ծանր վիճակի մեջ լինենք»,- հավելեց նա։
Իր հերթին փոխնախարարին հարց ուղղած պատգամավոր Լևոն Զուրաբյանն արձագանքեց, որ ինքնին պարտքը "վատ բան չէ", եթե կա զարգացման միտում, իսկ այս պահին, Զուրաբյանի խոսքով, այն ուղղակի բացակայում է: