Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Երևանի բնակիչ, 19-ամյա Նարեկ Հովեյանը Ստեփանակերտի հոսպիտալում է, նրան վիրահատել են: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Խոսնակի խոսքով, զինծառայողի վիճակը դեռ գնահատվում է ծանր: Այս պահին դեռ չի քննարկվում զինծառայողին Երեւան տեղափոխելու հարցը:
Artmtimes.com-ի տեղեկություններով, Արցախում ականապայթյունի հետեւանքով զոհված զինծառայողները ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ինժեներական աշխատանքներ կատարելիս են եղել, երբ հակատանկային արկ է պայթել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պետք է պարզվի, թե արդյո՞ք զինծառայողները տեղեկացված եղել են, որ այդ հատվածում ականներ կան տեղադրված, թե՞ ոչ:
Աղբյուրը նշում է, որ Արցախում ականապայթյունի հետեւանքով զոհված 22-ամյա Գեղամ Զաքարյանը սպա էր, կոչումով՝ լեյտենանտ: Նա Արմավիր մարզի Մուսալեռ համայնքի բնակիչ էր:
Աղբյուրի հետ զրույցում համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանն ասել է, որ Զաքարյանը մի քանի ամիս առաջ էր ավարտել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու ծառայության անցել Արցախի զորամասերից մեկում: «Խելացի ընտանիք, հայրը, մայրը աշխատող, ուներ մեկ քույր, մեկ եղբայր, ամուսնացած են, նա ընտանիքի փոքրն էր, ապրում էր ծնողների հետ: Սոցիալական պայմաններն էլ միջին են, ոչ ծանր, ոչ լավ: Շատ համեստ, խելացի անձնավորություն էր: Շատ հպարտ եմ իրենով»,- այսպես է բնութագրել Հովհաննիսյանը:
Ականապայթյունի հետեւանքով զոհված մյուս զինծառայողը՝ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը Մասիս քաղաքի բնակիչ էր, իսկ Սարգիս Մհերի Մելիքյանը՝ Վարդենիսի: