25.11.2024
Հակատանկային արկը պայթել է, երբ զինծառայողները ինժեներական աշխատանքներ կատարելիս են եղել
prev Նախորդ նորություն

Ջուրը թանկացավ, բայց սպառողի համար սակագինը կմնա նույնը. ՀԾԿՀ

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում է ընդունել, սակայն սպառողների համար սակագինը կմնա նույնը:


Հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸկողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու հայտը, որով առաջարկվում էր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ընդհանուր սակագին սահմանել 194.3 դրամ` գործող 180 դրամի փոխարեն:


«Վեոլիա ջուր» ընկերության հայտը ստանալուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացրել, որում ներգրավվել են նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցները, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մոնիթորինգի ընթացքում ստուգումներ են իրականացվել շուրջ 2 հազար 200 ոչ բնակիչ սպառողների մոտ, մեծամասնության մոտ հայտնաբերվել են խախտումներ, ինչի արդյունքում չհաշվարկված ջրի ծավալը կազմել է շուրջ 900 հազար խորանարդ մետր:


Մոնիթորինգի արդյունքներով և բոլոր հանգամանքների վերլուծությունների արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը գործող 180 դրամի փոխարեն սահմանել 191.4 դրամ:


Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը, անդրադառնալով սպառողների համար սակագինը նույնը թողնելու առաջարկություն ներկայացնելու վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականին նշել է, սահմանված ժամկետներում կառավարությանը կներկայացնեն իրենց առաջարկը:


«Մենք ուսումնասիրել ենք տարբերակները, բայց քանի դեռ սակագինը բարձրացնելու որոշումը չկա, մենք չէինք կարող այդ մասին ինչ-որ բան ասել: Համապատասխան առաջարկները կներկայացնենք կառավարությանը: Առաջ անցնելով՝ կարող եմ ասել, որ այդ 11.4 դրամ թանկացումը սուբսիդավորվելու է «Վեոլիա ջուր» ընկերության վարձակալության գումարների հաշվին: Այսինքն, սպառողի համար սակագինը կմնա նույնը»,- պարզաբանել է Սերգոյանը:


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ևս նշեց, որ սպառողների համար սակագինը կմնա նույնը` շեշտելով, որ առաջիկա նիստերից մեկում կառավարության քննարկմանը կներկայացնեն համապատասխան որոշման նախագիծ, որով սակագնի 11.4 դրամով թանկացումը սուբսիդավորվելու է: Նա վստահեցրեց, որ դա տեղի կունենա մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, քանի որ սակագինը բարձրացնելու որոշումն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից: