Լավրովի այցը ցույց տվեց, որ ԼՂ կարգավորման հարցում էական գործընթացներ չկան. Աբրահամյան
ՌԴ արտաքին գործերի նախարարի այցն ու ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հնչեցված հայտարարությունները փաստում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում էական գործընթացներ չկան: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների, ԱԳ նախարարների հանդիպումներից հետո ձեռք բերվող պայմանավորվածությունները՝ լինեն դրանք գրավոր, թե բանավոր, տեղից չեն շարժվում»,- ասաց նա:
Տիգրան Աբրահամյանի խոսքով, Ադրբեջանը զուտ իմիտացիայով է զբաղված ու պատահական չէ, որ Երևանում Սերգեյ Լավրովը կարևոր համարեց ընդգծելու, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարրերը ձևավորվել են մեկ փաթեթի մեջ, և շատ դժվար է վերցնել դրանցից մեկը, երկուսը կամ երեքը և ասել` եկեք սրանց շուրջ համաձայնության հասնենք, որովհետև դրանց հավասարակշռող տարրերն այդ պարագայում դուրս կմնան, և չի լինի այն արդյունքը, որին մենք ձգտում ենք:
«Բանն այն է, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է տարբեր հայտարարություններից, առաջարկներից մեկ-երկու նախադասություն, էլեմենտ դուրս բերել ու դրանց շուրջ դիրքորոշում արտահայտել կամ օգտագործել քարոզչական նպատակների համար, ինչը որևէ ձևով չի նպաստում պրոցեսի դրական տեղաշարժին: Ավելին՝ Բաքվի այդ քաղաքականությունը միայն խնդիրներ են առաջացնում և պատահական չէ, որ համանախագահ երկրների համատեղ հայտարարություններում անընդհատ ուղղակի կամ անուղղակի ձևով խոսվում է այդ երույթի անթույլատրելության մասին»,- հավելեց նա: