Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր Ազգային Ժողովում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, նվիրված տարկետումը սահմանափակող աղմկահարույց օրենքի քննարկմանը ուսանողների և Ազգային Ժողովի ղեկավարության, Կրթության և գիտության նախարարի և Պաշտպանության փոխնախարարի մասնակցությամբ:
Tert.am-ի հաղորդմամբ, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրեցին 2 հիմնական առաջարկ, որից մեկը զինծառայության նոր կարգն է։
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պատգամավորների հետ հանդիպմանը, մինչ կներկայացներ իրենց հիմնական երկու առաջարկները, հայտարարեց, թե նախաձեռնությունը մեծ առումով արդեն հաջողվել է:
«Քանի որ, իհարկե, օրենքն ընդունվել է, բայց կան շատ բացեր, որոնք պետք է լրացվեն, ակնկալվում է ուսանողների մասնակցությունը և մենք բարձրաձայնում ենք հարյուրավոր գիտնականների, դասախոսների կարծիքը»,-ասաց նա:
Նա նաև հավելեց, որ եթե այժմ ընդունում են, թե կան խնդիրներ, մինչդեռ ժամանակին շատ ուսանողական կառույցներ այս մասին ոչ մի բան չէին խոսում: «Շատ ուսանողական կառույցներ կան, որոնք պարտավոր են այդ մասին խոսել, չեն խոսել մինչև հիմա, փորձում էին գլխացավանքի մեջ չընկնել»,-ասաց նա:
Այնուհետև ուսանողները սկսեցին ներկայացնել իրենց հիմնական երկու առաջարկները, որոնց տակ արդեն ստորագրել է 320 հոգի՝ ուսանողներ, դասախոսներ, պրոֆեսորներ, գիտնականներ:
Ըստ նրանց առաջարկի՝ պետք է տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն: «Կառավարությունը պետք է մշակի տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, որը հնարավարություն կտա ապահովել Գիտության և կրթության համակարգի զարգացման անընդհատականությունը, կոռուպցիայի բացառում»,-ասաց նա:
Հաջորդ առաջարկն ավելի առարկայական էր և վերաբերում էր ՊՆ նոր ծառայությանը: Առաջարկվում է, որ 4 տարվա բակալավրի ընթացքում 1 ու կես տարվա ծառայություն իրականացնել: «Սա հնարավորություն է տալիս բանակը բերել բուհ, ոչ թե բուհը տանել բանակ, 2-2 ամիս ծառայությունը բանակում հնարավորություն է տալիս չխախտել ուսանողի կրթության անընդհատությունը, պահպանվում է կապը բանակի հետ, սա հնարավորություն է տալիս, որ բանակի հետ կապված խնդիրների լուծումներ առաջարկվեն, մինչև հիմա բանակի մասին ոչ մի գիտական աշխատանք չի գրվել, սա ցույց է տալիս այս ոլորտի բացը»,-ասաց նա:
Դավիթ Պետրոսյանն ասաց, որ նման կերպ բոլորը կանցնեն զինվորական ծառայության, զինվորը չի կտրվի քաղաքացիական կյանքից, նաև դեմոգրաֆիկ խնդրի լուծում կարող է լինել ինչ-որ չափով: «Չեն լինի արտոնյալներ, բոլոր արական սեռի ներկայացուցիչները կտիրապետեն ռազմական ունակություններին»:
Կլոր-սեղան քննարկմանը Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ հարգում է ուսանողների դիրքորոշումը և խորապես համոզված է, որ կողմեր չկան:
«Թեման իսկապես կարևոր է, նուրբ թեմա է, բացարձակապես քաղաքական դաշտի մեջ չի, երիտասարդներ են, ովքեր իրենց ապագան պատկերացնում են, անձնական խնդիր չունեն լուծելու»,-ասաց նա՝ ավելացնեոլվ, որ հակասություն չկա բանակային ծառայության ու գիտության մեջ, այս խնդիրն արհեստական է:
Լևոն Մկրտչյանը հիշեց, որ այսօր մեծն հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է, և նրա նման շատերը թողել են գիտությունը, գնացել ծառայության: «18 տարին լրացած ցանկացած քաղաքացի, որ նոր է մտնում կյանք, չգիտի՝ գիտությա՞մբ է զբաղվելու, թե ոչ, պետք է կատարի իր պարտականությունը հայրենիքի հանդեպ: Այդ երիտասարդին շատ դժվար է ասել՝ ինքը կդառնա հանճարեղ գիտնական, թե ոչ: Մի անգամ կատարում է ծառայությունը, և հետո արդեն հնարավորություն է ունենում շարունակելու իր ուսումը: Կա անընդհատության խնդիր»,-ասաց նա:
Լևոն Մկրտչյանը նշեց, թե քանի որ կա «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս անցնել բակալավրական կրթության, հետո իբրև սպա ծառայել:
«Այդ նույն սկզբունքի մի տարատեսակ կարիք ունենք ունենալու բակալավրիատից մագիստրատուրա: Նույն ձևով կարելի է առաջարկել, որ երիտասարդներն, ովքեր բակալավրիատն ավարտում են, գնան սպայական աստիճանի, մեկ տարի իրենց սպայական աստիճանը, երբ կսկսեն իրականացնել, և երկու տարի կաշխատեն, այս ընթացքում այս մեկ տարվա ընթացքում հնարավորություն կստանան իրենց մասնագիտական հմտությունները չկորցնել ու զբաղվել: Մեկ լուծումը կարող է այստեղ լինել»,– ասաց նա:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ երկրորդ լուծումն արդեն Պաշտպանության նախարարության համակարգում է։ «Եթե զորակոչ էլ լինի, մենք կփորձենք հասկանալ՝ մասնագիտական որ ուղղություններն են, որոնք անհրաժեշտ են, անընդհատության խնդիր ունեն, կփորձենք ՊՆ-ի հետ այդ խնդիրը լուծել: Ավելի հեշտ լուծելի է թվում մագիստրատուրայից դեպի ասպիրանտուրան, քանի որ այստեղ ավելի շատ են կողմնորոշված»,- հայտարարեց նախարարը։
Նա ընդգծեց, որ այս ամենը ենթաօրենսդրական ակտերի դաշտում լուծելի խնդիրներ են: Լևոն Մկրտչյանը ուսանողներին, ինչպես նաև օրենքի դեմ հանդես եկող այլ անձանց հրավիրեց քննարկմանը: «Պատկերացնում եմ, որ ձևավորվի լուրջ հանձնաժողով, որն ավելի պրոֆեսիոնալ մասնագիտություն առ մասնագիտություն կարող է ուսումնասիրել: Օրինակ՝ ջութակահար՝ մենք մենակ գիտությունից ենք խոսում, կա նաև արվեստի խնդիր»,-ասաց նա:
Հիշեցնենք, անցած շաբաթ ԱԺ-ն ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը: Տարկետումը սահմանափակող օրենքի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողները դադարեցրեցին դասադուլն ու հացադուլը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ փակ հանդիպումից հետո: Երիտասարդները, սակայն, ընդգծել էին, որ եթե կլոր սեղան-քննարկման ժամանակ բողոքող երիտասարդները կարողանան ապացուցել իրենց պահանջի օբյեկտիվությունը, ապա հնարավոր է՝ որոշ զիջումներ լինեն, որոնք կկարգավորվեն արդեն ընդունված օրենքից բխող նորմերով: