27.09.2024
Նալբանդյան. Հայաստանը կհամագործակցի ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով իր պարտավորությունները ԵՏՄ-ում
08.04.2015
Նալբանդյան. Հայաստանը կհամագործակցի ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով իր պարտավորությունները ԵՏՄ-ում

Հայաստանը և ԵՄ-ը նպատակ ունեն շարունակել սերտ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններում` հաշվի առնելով այն պարտավորությունները, որ Հայաստանը ունի այլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Դա իմ կարծիքով շատ հստակ ձևակերպում է, որտեղ ամեն ինչի մասին հստակ նշված է: Դրա մասին ասվել է նաև Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում, երբ Հայաստանը և Եվրամիությունը համատեղ հայտարարություն են ընդունել, գրեթե նույն ձևակերպումով: Այո', մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, և դրան զուգահեռ, հաշվի առնելով այդ թվում մեր պարտավորությունները ԵԱՏՄ-ում, բանակցություններ ենք վարում Եվրոպական Միության հետ մեր գործընկերային համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ՝ բոլոր հնարավոր ուղղություններում», - նշել է Նալբանդյանը: Նրա խոսքով, Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել է հարցերի շատ լայն շրջանակ, որոնք վերաբերվում են երկկողմ հարաբերություններին, երկու պետությունների ղեկավարների մակարդակով ընդունված համաձայնությունների կատարողականի հետ կապված: «Մոտակա ժամանակներս նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Մեր նախագահները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ հանդիպել մայիսին Մոսկվայում՝ Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին», - նշել է Նալբանդյանը: