Գազի գնի ձևավորման քննարկումներ են ընթանում, նաև` խնայողությունների հարցը. Գազպրոմ Արմենիա
Բնական գազի գնի ձևավորման խնդրով ներկայումս աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաև խնայողությունների հարցը, Aysor.am-ին ասացին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
«Բանակցությունների և աշխատանքային քննարկումների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - նշեցին ընկերությունից` հավելելով, որ դիտարկվում են նաեւ աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը:
Ավելի վաղ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը Hraparak.am-ին ասել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ, որ մինչև հուլիսի 1-ը պետք է ներկայացնեն համաձայնագիր՝ սահմանին առաջիկա հինգ տարվա ընթացքում գազի գնի ձևավորման մեխանիզմները վերանայելու համար։
Հարցին, թե ինչի հաշվին է, որ սպառողը չի զգում գնի բարձրացումը, ով է իր վրա վերցնում այդ թանկացումը, «Գազպրո՞մը», Գ.Բաղրամյանն ասաց, որ այս պահին այդ հարցը քննարկվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, ապա ավելացրեց․«Ընկերության ներքին խնայողությունների հաշվին»: