Նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատած եւ զինվորական ծառայությունից արձակված Էնրիկո Ապրիամովը արդեն այսօր նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Այդ մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մայիսի 3-ին ստորագրել էր Էնրիկո Ապրիամովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու և զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանագիր: Հատկանաշական է, որ որպես Էնրիկո Ապրիամովի պաշտոնից ազատման պատճառ մերձիշխանական լրատվամիջոցներից news.am-ը մատնանշում էր նրա առողջական վիճակը: «Գեներալ- լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է առողջական խնդիրների պատճառով», - գրում էր աղբյուրը: Իսկ ահա aysor.am-ը, որպես պատճառ նշել էր, որ Ապրիամովն ազատվել է պաշտոնից թոշակի անցնելու կապակցությամբ: