22.12.2024
Զոհրաբյան. Թե Ղարաբաղը, թե Հայաստանը անելու են հնարավորը՝ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար
13.10.2016
Զոհրաբյան. Թե Ղարաբաղը, թե Հայաստանը անելու են հնարավորը՝ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վեհաժողովի լիագումար նիստում հերթական անգամ բարձրացրել է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կատարված վայրագությունները ռազմական հանցագործություն ճանաչելու հարցը։ Պատվիրակը ներկայացրել է այն իրավական հիմքերը, որոնց գործադրմամբ միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանին ճանաչել ռազմական հանցագործ։ Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում նշել է, որ ցեղասպանությունները, ինչին ականատես եղանք Հյուսիսայի Իրաքում, ԴԱԻՇԻ կողմից՝ ընդդեմ էթնիկ եզդիների, ռազմական եւ մարդկության դեմ գործած հանցագործությունները, ցավոք, այսօր էլ շարունակվում են։ Ուստի Միջազգային Քրեական Դատարանի հետ համագործակցության առավել ճկուն մեխանիզմների մշակումը իրապես կարեւոր խնդիր է։ Նշել, որ վեհաժողովը պետք է հաստատի իր հանձնառությունը՝ պայքարելու անպատժելիության դեմ և աջակցելու Միջազգային Քրեական Դատարանին։ «Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան ռազմական ագրեսիայի ընթացքում դաժանաբար խոշտանգվեցին, սպանվեցին, գլխատվեցին եւ անարգվեցին ոչ միայն զինվորներ, այլ նաեւ քաղաքացիական անձիք, երեխաներ, օգտագործվեց միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմական տեխնիկա։ Բանական մարդու գիտակցության մեջ որեւէ կերպ չտեղավորվող խոշտանգումները, դիակների եւ ողջ մարդկանց գլխատումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ են, որոնք ենթադրում են հստակ պատասխանատվություն։ Տեղի ունեցածը աներկբա ռազմական հանցագործություն է, որը ընդդատյա է Միջազգային Քրեական Դատարանի»,- ասել է նա։ Հայ պատվիրակը հավաստիացրել է, որ թե՛ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը եւ թե՛ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, անելու են հնարավորը՝ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար։ «ԼՂՀ դատախազության կողմից ապրիլի առաջին օրերին արդեն հարուցվել է քրեական գործ, որով հաստատվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 1994-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագիրը։ Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտմամբ, հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, դպրոցներ, շինություններ, ինչն առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների: Իհարկե, Ադրբեջանը դեռեւս չի վավերացրել Հռոմի ստատուտը, սակայն նույն ստատուսը նախատեսում է, որ այդ դատարանին կարող է դիմել նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Իսկ Միջազգային Քրեական Դատարանի դատախազը իրավասու է իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ»,- ընդգծել է նա: Նաիրա Զոհրաբյանը, դիմելով եվրոպացի գործընկերներին, կրկնել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ, առավել ևս, որ շատերը տեղյակ են ադրբեջանցի հրոսակների վայրագություններին։ «Ուրեմն՝ մի լռեք։ Մի լռեք նաեւ դուք, հարգելի զեկուցող, որ հայտարարում եք, թե պետք է անողոք պայքար մղել անպատժելիության եւ ռազմական հանցագործությունների դեմ»,- հավելել է պատգամավորը։ Նշենք, որ նախքան ելույթին անցնելը Նաիրա Զոհրաբյանը նաև պատասխանել է ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաեւայի ելույթին, հայտարարելով, որ ադրբեջանցի պատվիրակը ստախոս է եւ ինչ այս բարձր ամբիոնից ներկայացվել է ադրբեջանցի պատգամավորի կողմից, ադրբեջանական հերթական եւ մշտական սուտն ու կեղծիքն է։