20.12.2025
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ». Հայաստանում պահանջում են Գարեգին Բ-ի հրաժարականը
07.06.2018
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ». Հայաստանում պահանջում են Գարեգին Բ-ի հրաժարականը

Հայաստանում քաղաքական իշխանափոխության հանգեցրած “թավշյա հեղափոխությունից” հետո բողոքի գործընթացներ են ծավալվում երկրի հոգեւոր իշխանության դաշում: Մի խումբ եկեղեցականներ ու քաղաքացիներ հունիսի 6-ի երեկոյան Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում՝ կաթողիկոսի երևանյան նստավայրի դիմաց, բողոքի ակցիա իրականացրեցին: Ակցիայի մասնակիցների պահանջը հոգեւոր կյանքում իշխանափոխություն կատարելն է, ավելի կոնկրետ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Թեպետ Հայաստանում սահմանադրորեմ եկեղեցին առանձնացված է պետությունից, սակայն բողոքի ակցիայի մասնակիցների պահանջներում նկատվում էին քաղաքական երնագներ եւ շարժումն անուղղակիորեն կապվում էր վերջերս տեղի ունեցած հեղափոխական գործընթացների հետ: Մասնավորապես նրանք գործածում էին “թավշյա հեղափոխությունից” հետո լայնորեն կիրառվող “Նոր Հայաստան” տերմինը: Ազգային-եկեղեցական շարժում անգամ կոչվում է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ»: Շարժման մասնակիցները պահանջում են Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը հայրապետական գահից, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացումը Հայաստանում: Մինչ այդ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը (Վիրահայոց թեմ), որն անցյալ տարի կարգալույծ էր հռչակվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ, նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ կաթողիկոսը վերածել է եկեղեցին “ընտանեկան բիզնեսի” ու զավթել է “Ս. Գրիգոր Լուսավորչի գահը”: Հունիսի 5-ին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական ժողովը: Հայտարարությունում բողոքի ակցիայի մասնակիցների երկխոսության ու հանդարտության կոչ էր արվում, ինչպես նաեւ նշվում էր “բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ”: “Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել աﬔնքիս համար գնահատելի եւ կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը եւ գայթակղություն դառնալով բարեﬕտ հավատացյալների համար”, - ասված է հայտարարության մեջ: Ժամանակն է, որ եկեղեցին ազատագրվի, մաքրվի արատավոր բարքերից, իսկ մենք, իրապես, ունենք անաղարտ վարքով, բարքով, եկեղեցասեր, ազգասեր հոգևոր առաջնորդի կարիք: Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկած ցույցի ժամանակ հայտարարեց Կորյուն աբեղա Առաքելյանը՝ վստահեցնելով, որ եկեղեցին այժմ բազում խնդիրներ ունի: «Այսօր չեմ խոսի այն բազում խնդիրների մասին, որոնք առկա են եկեղեցում, բայց կխոսեմ գեթ մեկ պատճառի մասին, որ վճռական դարձրեց իմ որոշումը: Սարդարապատում բոլորս տեսանք, թե ինչ հարգանք ու սեր է վայելում մեր սիրելի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, բայց այդ ֆոնի վրա տեսանք մեր հայրապետին, որ շատ խղճուկ էր, լքված: Որևէ մեկը չեղավ ներկաներից, որ մոտենա ու օրհնություն ստանա կաթողիկոսից, ու դա մեծ ցավ էր մեզ համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ժամանակն է, որ վեհափառը թողնի գահն ու գնա: Վերջինս նաև ասաց, որ Գարեգին Երկրորդին վարկաբեկելու նպատակ չունի ու այսօրվա հավաքը չի նախաձեռնել նրա անձնական կյանքը քննելու համար, բայցև նաև վստահ է, որ կաթողիկոսը պետք է ազգասեր լինի, այլ ոչ թե կաշառքով, բռնությամբ, սպանությամբ գահին բազմի ու մի ամբողջ ազգի տանի կործանման: Ավելի ուշ Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում բողոքի փոխանցեց Կաթողիկոսի հրավերը։ «Այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալու իր և եպիսկոպոսաց հետ։ Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը»,- գրել էր Մելիքյանը։