Տեղաշարժման ազատությունը չի սահմանափակվել. ՄԻԵԴ-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքի վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի բողոքով որոշումը:
Գործն առնչվում էր Տեր-Պետրոսյանի դիմումին 2008 թվականի մարտի 1-ին ցույցը ցրելու, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության եւ նրան ենթադրյալ տնային կալանքի ենթարկելու վերաբերյալ:
Դատարանը որոշել է, որ առկա է Մարդու իրավունքների կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, կոնկրետ՝ հավաքների ազատության իրավունք, 13-րդ հոդվածի խախտում՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք: Սակայն դատարանը մերժել է բողոքը 5-րդ հոդվածով՝ ազատության եւ անվտանգության իրավունք եւ 2-րդ հոդվածի 4-րդ արձանագրությամբ՝ տեղաշարժման ազատության իրավունք:
Դատարանը նաեւ որոշել է, որ ցույցի ցրումը հիմնավորված չէր: Չնայած հաղորդագրություններում նշվում էր, որ Տեր-Պետրոսյանը եղել է «տնային կալանքի» մեջ, դատարանը չի կարողացել հանգել այն եզրակացության, որ նա զրկված էր ազատությունից կամ նրա տեղաշարժման ազատությունը սահմանափակվել էր: