Դավիթն անմեղ է. Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:
Նա կրկնեց՝ մեղադրանքի հետ համաձայն չեն, քանի որ այն հիմքեր չունի, Դավիթ Սանասարյանն էլ անմեղ է:
«Իրավական բոլոր ճանապարհներով պայքարելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար և հավատում ենք, որ հնարավոր է հասնել արդարության»,- նշեց նա:
Հիշեցնենք, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: