ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել Facebook-ի իր էջում` անդրդառնալով օրվա զարգացումներին.«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ»,- գրել է նա:Հիշեցնենք, այսօր Փաշինյանն այցելել էր Նորագավիթի մաքսատուն եւ խիստ բարկացել՝ աշխատանքային միջավայրի ոչ պատճաշ վիճակից: Տարածքը կեղտոտ էր եղել, իսկ մաքսատան աշխատակիցներն աշխատում էին «դրոշը ոտների տակ գցած»:Այնուհետեւ Փաշինյանը հանձնարարել էր ազատել բոլորին պաշտոններից: «Կազատեք բոլորին, մի մարդ չմնա, անուն-ազգանուններով ինձ կասեք»,-հրահանգեց վարչապետը։ Լրագրողները Փաշինյանին հարցրին՝ հնարավոր չէ՞ նկատողությամբ սահմանափակվել, վարչապետն ասաց, որ հնարավոր չէ, որովհետեւ դրոշի հետ է կապված․ «Եթե դրոշի հետ կապված չլիներ, հնարավոր կլիներ»,-ընդգծեց վարչապետը։Սակայն սոցցանցերի օգտատերերը հիշեցնում են վարչապետին, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին նա նվիրել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ՀՀ եռագույնով գուլպաներ և հաջորդ օրն իսկ իրենց երկուսով այդ գուլպաներով անցկացրեցին հանդիպումը: