26.11.2024
Կանաչած Սևանն է կանչում. կառավարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու Գերմանիային
prev Նախորդ նորություն

Գաբունիան՝ ազդակ հայ գործիչների համար. նույն ուժերը կարող են սադրանքներ հրահրել Երևանում

Մի քանի օր է վրացական ու ռուսաստանյան լրատվամիջոցների գլխավոր թեման շարունակում է մնալ «Ռուստավի-2» հաղորդավար Գեորգի Գաբունիայի ելույթը, որում նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված հայհոյանքներ հնչեցրեց: Դրանք դատապարտվեցին թե՛ վրաց իշխանությունների կողմից, թե՛ Ռուսաստանի և այսօր տարբեր կանխատեսումներ են հնչում, թե ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել առանց այդ էլ լարված ռուս-վրացական հարաբերություններում:

Թվում է, թե կատարվածը Հայաստանի հետ որևէ կապ չունի և շարունակություն է այն զարգացումների, որոնք առկա են վերջին շաբաթներին: Բայց միանշանակ է, որ ստեղծված իրավիճակը պետք է հստակ ազդակ լինի նաև հայ քաղաքական գործիչների համար, որոնք ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս ընդգծված հակառուսական հայտարարություններով, երբեմն չմոռանալով անցնել նաև անձերի: Ու թեև հարևան Վրաստանում կատարվածը հստակ ծրագրված սադրանք էր, ինչը հասկանում են բոլորը և պատվիրատուներն էլ կարծես հայտնի են, այդուհանդերձ որևէ երաշխիք չկա, որ նման մի փորձ նույն այդ ուժերի կողմից չի արվի նաև Հայաստանում՝ ՌԴ դաշնակից երկրում: Առավել ևս, որ նախկինում փորձեր եղել են և ոչ մեկ անգամ:

Երևանում հորդորում են զգոնությունը չկորցնել:

«Հասկանալի է, որ կատարվածը սադրանք է Վրաստանի այսօրվա իշխանությունների դեմ, թեև սովորաբար սադրանքներն ավելի գրագետ են արվում: Այս դեպքում գործ ունենք շատ «կացնային» սադրանքի հետ, որի նպատակն էր, որպեսզի Ռուսաստանը կոշտ արձագանքի ու Վրաստանում հակառուսական լուրջ գործընթացներ մեկնարկեն: Չմոռանանք, որ «Ռուսթավի 2»-ը Միխեիլ Սահակաշվիլու անվան հետ է կապվում»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ նրա, կատարվածը իսկապես, մեղմ ասած, դատապարտելի է և արդարացիորեն քննադատության է արժանացել ոչ միայն Ռուսաստանում ու Վրաստանում, այլ նաև Հայաստանում և այլուր, բայց գոնե իր համար տեղի ունեցածը այնքան էլ զարմանալի չէ.

«Այսօր սոցիալական ցանցերը, մասնավորապես Facebook-ը, իր օգտատերերով չեն զիջում հեռուստադիտողների քանակին, իսկ այդ սոցիալական ցանցի հայկական սեգմենտում ինչ ասես, որ չես հանդիպի, այդ թվում և սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպիսիք հնչեցրեց նաև այդ վրացի լրագրողը: Եվ, այո, այդպիսի հայհոյանքներ FB-ում գրվել են նաև Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և այլ առաջնորդների հասցեին: Համոզված եմ՝ նույն վիճակը նաև Վրաստանում է և այլ երկրներում: Բայց նման աղմուկ բարձրացավ միայն այս դեպքում, քանի որ գործ ունենք հեռուստատեսության հետ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ զարմանում է՝ ի՞նչ տարբերություն տեսախցիկների, թե՞ համակարգչի մոնիտորի առաջ է հնչել հայհոյանքը:

Նա հիշեց, որ առաջին նման դեպքերը, երբ օգտատերերը սկսեցին հայհոյանքներ օգտագործել սոցիալական ցանցի տիրույթում, ի հայտ եկան 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հենց այդ ժամանակ սկիզբ առավ այսպես կոչված ֆեյքային պատերազմը: Եվ այն ժամանակվանից սկսած նա միշտ բարձրաձայնում է, որ որևէ տարբերություն չկա՝ Facebook-ում, հեռուստատեսությունով, թե փողոցում է հայհոյանքը հնչել, և պետք է օրենք լինի, որը պատասխանատվության կենթարկի անձանց նման երևույթների համար: Բայց մինչ օրս այս խնդիրը չի լուծվել, իսկ վերջին քաղաքական զարգացումների ֆոնին անգամ խորացել:

Կարեն Քոչարյանը հարևան Վրաստանում տեղի ունեցած տհաճ իրավիճակը ազդակ է համարում հայ քաղաքական գործիչների համար, որոնք սիրում են հակառուսական հայտարարություններով հանդես գալ.

«Սա անշուշտ պետք է ազդակ լինի, թեպետ խնդիրն ավելի լայն ու խորքային է և միայն Ռուսաստանին չի վերաբերում: Բայց հաշվի առնելով քաղաքականությունը՝ այո, սա ազդակ պետք է ընկալվի»,- ասաց նա:

Քաղտեխնոլոգը նաև ավելացրեց, որ վստահ է, որ Գաբունիայի դեպքում նրա թիկունքում այն ուժերն էին, որոնք հրահրում են հակառուսական տրամադրությունները Վրաստանում: Իսկ դա նշանակում է, որ նույն ուժերը կարող են սադրանքների հիմքեր ստեղծել նաև Հայաստանում.

«Դա չի բացառվում: Եվ նախկինում մենք նման փորձեր տեսել ենք, երբ հակառուսական բողոքի ակցիաների ժամանակ հայհոյանքներով պլակատներ են եղել մասնակիցների ձեռքերին, նրանք նման բաներ են վանկարկել ՌԴ դեսպանատան դիմաց և այլ տեղերում, հավկիթներ նետել: Ընդ որում, նրանց թվում էին նաև ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչներ: Մենք նման երևույթների ականատես եղել ենք, բայց այդ ամենը չի հնչել եթերից, ու նման արձագանքի չի արժանացել, ինչ այս դեպքում: Ստացվում է, որ մինչև հիմա եթերը համարվում է ինչ-որ սակրալ տիրույթ, որտեղից սեռական բնույթի հայհոյանք չի կարելի հնչեցնել, իսկ փողոցում կամ սոցիալական ցանցում՝ կարելի է: Այնպես որ ակնհայտ է, որ սա զգոնության ազդակ է մեր քաղաքական գործիչների համար»,- հավելեց Կարեն Քոչարյանը:

Լիա Խոջոյան