Կանաչած Սևանն է կանչում. կառավարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու Գերմանիային
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Ազգային ժողովում այսօր անդրադարձավ Սևանի կանաչմանը և մատնանշեց այն գործոնները, որոնք նպաստում են բնապահպանական նման իրավիճակի ձևավորմանը:
Ըստ նրա, գործոնները մի քանիսն են՝ կապտականաչ ջրիմուռների աճը, ջրի սառը շերտի վնասումն ու կեղտաջրերի ու կոյուղաջրերի հոսքը լիճ: Նա նշեց, որ նման խնդիր առկա է նաև Բայկալ լճում, Սև ծովում և այլուր: Բայց, իհարկե, խնդիրը լուծման կարիք ունի ու նախարարության մշտական հսկողության տակ է.
«Խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս: Գեղարքունիքում կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից աղտոտող նյութերը հոսում են Սևանա լիճ: Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում: Բայց հիմնական պատճառն այն է, որ Սևանում կար սառը շերտ, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել է: Եվ լճի 6 մետր բարձրացումը, ըստ էության, պետք է բերի այդ սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որ այդ օրգանական նյութերի աճը պակասի և սահմանափակվի, և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը մնա բարձր որակի»,- ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ նախարարությունն անընդհատ իրականացնում է ընթացիկ մոնիտորինգ և ունի դիտակետներ: Բացի այս, գերատեսչությունը դիմել է միջազգային գործընկերներին.
«Դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Սևանա լճին կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալու համար: Ինչպես նաև դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ, որոնք փորձում են նմանատիպ խնդիրներ լուծել եվրոպական մայրցամաքում: Այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կարվի, և դրանով ավելի պարզ կդառնա, թե խնդրին ինչ լուծումներ պետք է տրվեն»,- ասաց Էրիկ Գրիգորյանը: