22.12.2024
«Ծառուկյան» դաշինքում խառն են. Թեկնածուները վիրավորված են ու արդարություն են պահանջում
03.05.2017
«Ծառուկյան» դաշինքում խառն են. Թեկնածուները վիրավորված են ու արդարություն են պահանջում

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվելու են նաև թեկնածուների ինքնաբացարկների հարցը: Նիստի մեկնարկին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ նախօրեին հանձնաժողով է ներկայացվել մանդատից հրաժարվելու մի շարք դիմումներ՝ 9 դիմում ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23 դիմում՝ «Ծառուկյան» դաշինքից: Երեկ երեկոյան հրապարակված ցանկը ինքնաբացարկների նոր դիմումներով, նրա խոսքով, չի համալրվել, բայց նիստին ներկա են թեկնածուներ, որոնք մտադիր են հետ վերցնել ինքնաբացարկների դիմումները՝ նրանցից մեծ մասն արդեն նախապես հայտարարել է, որ իրենց անունից ուղարկված ինքնաբացարկի դիմումները, ըստ երևույթի, կեղծ են, քանի որ իրենք որևէ դիմում չեն ներկայացրել:Մուկուչյանի խոսքով, 11 թեկնածուները՝ նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը,  Սերգեյ Բագրատյանը, Վահան Կարապետյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Արարատ Զուրաբյանը և ուրիշները, այսօր առավոտյան դիմել են ԿԸՀ-ին և հայտնել, որ նախկինում իրենց ներկայացված դիմումը համարվի չեղյալ և իրենք չեն հրաժարվում մանդատը ստանալուց:Նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը, ով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արագածոտնի մարզից և հավաքած ձայները բավարարում էին մանդատ ստանալու համար, խնդրեց, որ իր անունից նախօրեին ներկայացված դիմումին ընթացք չտրվի: Նա նաև պահանջեց դիմումը՝ համոզվելու, որ այդպիսին գոյություն ունի ու, թերևս, ստուգելու դրա տակ իր ստորագրութան առկայությունը:Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը ևս դիմումում խնդրել է ընթացք չտալ իբրև թե իր անունից ստացված դիմումը, որով նա հրաժարվում է պատգամավորի մանդատից: «Եթե օրինականությունը հաղթի՝ ես կստանամ մանդատ: Մեզ հետ չեն զրուցել ինքնաբացարկի դիմումը ներկայացնելիս, ես փորձել եմ կապվել, բայց չեմ կարողացել: Սա դիմումները ներկայացնողի կողմից անհարգալից վերաբերմունք է»,- հայտարարեց Բագրատյանը: Նա ասաց, որ դիմում բոլոր թեկնածուները գրել են, բայց դրա բովանդակությունը չի համապատասխանում ինքնաբացարկ հայտնելու համար և գործում էր միայն մինչև ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ը: Իսկ ընտրությունից հետո իրենց բոլորի կողմից գրված դիմումները օրինական չեն: Սերգեյ Բագրատյանը նաև նշեց, որ վիրավորված է: Եվ եթե շատ արագ այս իրավիճակը չվերլուծվի ու բան չփոխվի, ապա պառակտումը անխուսափելի է: «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը ևս նշեց, որ բոլոր թեկնածուները ստորագրել են նման փաստաթղթի տակ, բայց այդ դիմումը այլևս ուժ չունի, քանի որ գրվել է մինչև ընտրությունների օրը ինքնաբացարկի նպատակով: Այսինքն, բացատրեց նա, հնարավոր է բացակայեին հանրապետությունից կամ չկարողանային մասնակցել ընտրություններին, նման դիմումները դրա համար էին ու պետք է գործեին մինչև ապրիլի 2-ը: Ասաց, որ միայն մամուլից են տեղեկացել ինքնաբացարկի դիմումների մասին, ու չի պատրաստվում այս ամենը անհետևանք թողնել.«Ես այս ամենից հանցագործության հոտ եմ առնում: Բայց մինչև չպարզաբանվի հանգամանքները՝ ես որևէ գնահատական չեմ տա»,- ասաց նա՝ հրաժարվելով գնահատական տալ Գագիկ Ծառուկյանի նման որոշմանը: Նա նաև ասաց, թե այս ամենը միայն Ծառուկյանից չի կախված: