26.11.2024
ՀՀ իշխանությունները ձախողում են ԼԳԲՏ անձանց պաշտպանության հարցում. ԵԽԽՎ 29 պատգամավորներ
prev Նախորդ նորություն

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ներկայացվել ՍԴ

Այսօր Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ:


Այս մասին իր Facebook-յան էջում գրել է փաստաբան Տիգրան Եգորյանը՝ ներկայացնելով նաեւ դիմումի էլեկտրոնային տարբերակը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Արամ Վարդեւանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։


Դիմումը ներկյացնում ենք ստորեւ.


ՀՀ Սահմանադրական դատարանին
/ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 10/


 


Դիմողներ` Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով


Տուժողներ՝


 


Գոռ Քլոյանի իրավահաջորդ


Սարգիս Քլոյան


Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ


Վաչագան Ֆարմանյան


Դիմողների լիազորված ներկայացուցիչ`
Տիգրան Էդուարդի Եգորյան Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1187


Հեռ. 091 999-334


Հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 101, բն. 4


Ներկայացուցչի և Դիմողի ծանուցման հասցե` Բուզանդի 101, բն․4, ք. Երևան, Հայաստան Հեռ.`094 991 334, 099 588 576, 010 500 665


 


04.07.2019թ.


 


Դիմում
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐ


Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ


Բարձր դատարան,


Ստորև անդրադարձ կատարելով ՍԴ անդամների քաղաքական անցյալին և կենսագրությանը՝ ներկայացնում ենք փաստեր, որոնք հիմք են հանդիսանում կասկածի տակ դնելու նրանց անաչառությունն ու անկողմնակալությունը վերոնշյալ գործերի նկատմամբ։ Սահմանադրական դատարանի հիշյալ անդամները պետական քաղաքական պաշտոններ են զբաղեցրել, կայացրել են որոշումներ, որոնք առնչվել են մարտիմեկյան իրադարձությունների հետ։


1. Քրեական գործով առաջադրված մեղադրանքները.


2008 թվականի մարտի 2-ին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած՝ հրազենի, պայթուցիկ նյութերի գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու փաստի առթիվ հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը:
2008 թվականի մարտի 24-ին 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ անհայտ անձանց կողմից Դավիթ Պետրոսյանի, Գրիգոր Գևորգյանի, Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Զաքար Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի, Համլետ Թադևոսյանի և Տիգրան Աբգարյանի մահվան դեպքերի առթիվ հարուցվել է թիվ 62202608/1 քրեական գործը և միացվել է թիվ 62202608 քրեական գործին:


2009 թվականի հուլիսի 13-ին 2008թ. մարտի 1-ին և 2-ին ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից զենքի` հատուկ միջոց հանդիսացող ԿՍ-23 տեսակի հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու, դրա հետևանքով անզգուշությամբ Գոռ Քլոյանին, Արմեն Ֆարմանյանին, Տիգրան Խաչատրյանին՝ մահ, և ևս երեք անձի՝ ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 62203909 քրեական գործը և միացվել թիվ 62202608 քրեական գործին:


2018 թվականի հուլիսի 3-ին 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 62220218 քրեական գործը և նույն օրը միացվել թիվ 62202608 քրեական գործին:


2018 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնեական դիրքն օգտագործելով, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 62224618 քրեական գործը և նույն օրը միացվել թիվ 62202608 քրեական գործին:


2018 թվականի օգոստոսի 31-ին պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է թիվ 62228418 քրեական գործը և նույն օրը միացվել թիվ 62202608 քրեական գործին:


2018 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 62232018 քրեական գործը և նույն օրը միացվել է թիվ 62202608 քրեական գործին:


Հիշյալ քրեական գործից անջատված մասով գործն ուղարկվել է դատարանը: Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով առաջադրվել են հետևյալ մեղադրանքները՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Սեյրան Մուշեղի Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Յուրի Գրիգորիի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արմեն Անդրանիկի Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հիշյալ քրեական գործերը հարուցվել, իսկ հարուցված քրեական գործերով էական տեղաշարժը հնարավոր է դարձել միայն 2018 թվականին, երբ համաժողովրդական շարժման միջոցով իշխանությունից հեռացվել են 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների արտակարգ դրություն մտցնելու միջոցով նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման կապակցությամբ բարձրացած հանրահավաքների ալիքը ճնշելուց հետո իշխանության եկած Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը:


Հիշյալ քրեական գործերով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը իրենց առաջադրված մեղադրանքների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ), 300.1-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Սահմանադրական դատարան, որոնք ընդունվել են քննության և դատաքննություն է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին:


2. ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ.


Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյան մասով.


ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներ Հրանտ Նազարյանը դատարանի անդամ է նշանակվել 05.02.1996թ. ՀՀ Նախագահի հրամանագրով, իսկ Ֆելիքս Թոխյանը դատարանի անդամ է նշանակվել 23.09.1997թ. ՀՀ Նախագահի հրամանագրով:


Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, որպես Սահմանադրական դատարանի անդամներ, մասնակցել են 19.02.2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճի քննությանը: Հիշյալ գործով Սահամանադրական դատարանը որոշում է կայացրել 08.03.2008թ. արտակարգ դրության պայմաններում: Սահմանադրական դատարանի մեկ այլ անդամ՝ Վալերի Պողոսյանը, հիշյալ ժամանակահատվածում բարձրաձայնել է դատարանի վրա ճնշումների մասին (ընդ որում՝ ճնշումների և ազդեցության մակարդակն այնպիսին էր, որ վերջինս, չվստահելով հայաստանյան իշխանություններին, հարկադրված դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաներին՝ հայտնելով, որ 08.03.2008թ. որոշումը կայացնելու համար անձամբ ինքը և իր կոլեագաներից ոմանք ճնշումների են ենթարկվել Քոչարյանի աշխատակազմի կողմից), ինչի կապակցությամբ միայն տասը տարի անց հնարավոր եղավ այդ ուղղությամբ քննություն իրականացնել և մեղադրանքներ առաջադրել:


Եթե Սահմանադրական դատարանի հիշյալ անդամները (Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը) կիսում են դատարանի անդամ Վալերի Պողոսյանի ահազանգը և այսօր քննվող քրեական գործով Սահամանդրական դատարանի նկատմամբ ճնշումների հանգամանքը, ապա դա նշանակում է, որ նրանց 08.03.2008թ. որոշումը կայացվել է դատարանի վրա ճնշումների և արդարադատությանը միջամտելու հետևանքով, ինչն ինքնին փաստում է 2008 թվականի նկարագրված իրադարձությունների կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների կապակցությամբ բարձրացված քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով գործի քննությանը մասնակցելու անհնարինությունը:


Եթե Սահմանադրական դատարանի հիշյալ անդամները (Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը) չեն համարել և չեն համարում, որ Վալերի Պողոսյանի ահազանգը համապատասխանում է իրականությանը, և այսօր քննվող քրեական գործով Սահամանդրական դատարանի նկատմամբ ճնշումների վերաբերյալ փաստերը ևս չեն համապատասխանում իրականությանը, Սահմանադրական դատարանի նկատմամբ չեն իրականացվել ճնշումներ 08.03.2008թ. որոշումը կայացնելու կապակցությամբ, ճնշման դրսևորում չեն դիտարկել 01.03.2008թ. արտակարգ դրություն սահմանելու՝ Նախագահի հրամանագիրը և համարել են այն իրավաչափ, միևնույն ժամանակ արտակարգ դրության պայմաններում Սահմանադրական դատարանի գործի քննությունն ու որոշման կայացումը դիտարկել են իրավաչափ, ապա դա ևս փաստում է, որ Սահամանդրական դատարանի հիշյալ անդամները ունեն կանխակալ դիրքորոշում այն ամբողջ համատեքստի և առանձին փաստերի կապակցությամբ, որոնց շրջանակներում քննվող քրեական գործով և առաջադրված մեղադրանքների՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ բարձրացված հարցը քննության է ընդունել Սահմանադրական դատարանն իր համապատասխան աշխատակարգային որոշումներով և դատաքննություն նշանակել 29.08.2019թ.: Ուստի առկա են Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը նրանց մասնակցելու անհնարինության ակնհայտ հիմքեր:


Արևիկ Պետրոսյանի մասով.


ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը 2007թ. հունիսին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2007թ. նոյեմբերին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կոսակցության համամասնական ցուցակով, հանդիսացել է նույն կոսակցության անդամ: 2007թ.նոյեմբերին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Հենց նրա փոխնախագահության ժամանակ՝ 2008թ. մարտի 2-ին, Ազգային ժողովը գումարել է հատուկ նիստ և հավանություն տվել արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին: Արևիկ Պետրոսյանը կողմ է քվեարկել՝ համակարծիք լինելով և հավանություն տալով 2008թ. փետրվար-մարտի 19.02.2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին Նախագահի արտակարգ դրության հրամանագրով տրված բոլոր որակումներին և պատասխանատվության վերագրումներին:
2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների, արտակարգ դրություն մտցնելու արդյունքում իշխանության եկած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2010թ. դեկտեմբերի 8-ին նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ: Մինչև 2010թ. դեկտեմբերի 10-ը հանդիսացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Մեկ այլ հրապարակման համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չէ 2012թ.-ից:


Վերոշարադրյալը բավարար է պնդելու համար, որ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանը ունի կանխակալ դիրքորոշում այն ամբողջ համատեքստի և առանձին փաստերի կապակցությամբ, որոնց շրջանակներում քննվող քրեական գործով և առաջադրված մեղադրանքների՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ բարձրացված հարցը քննության է ընդունել Սահմանադրական դատարանն իր համապատասխան աշխատակարգային որոշումներով և դատաքննություն նշանակել 29.08.2019թ.: Ուստի առկա են Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը նրա մասնակցելու անհնարինության ակնհայտ հիմքեր:


Աշոտ Խաչատրյանի մասով.


ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը 2004-2010թթ. հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ, որն իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի մասնագիտական (իրավական) փորձաքննությունը եւ համապատասխան եզրակացությունների պատրաստումը, որը ԱԺ օրինաստեղծ գործունեության մաս է: Հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ՝ վերջինս մասնակցել է 2008թ. մարտի 2-ին Ազգային ժողովի գումարած հատուկ նիստին քննարկված և արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին հավանություն տվող նախագծի փորձաքննությանը: Աշոտ Խաչատրյանը համակարծիք է եղել և հավանություն տվել 2008թ. փետրվար- մարտի՝ 19.02.2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին Նախագահի արտակարգ դրության հրամանագրով տրված բոլոր որակումներին և պատասխանատվության վերագրումներին:


Վերոշարադրյալը բավարար է պնդելու համար, որ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյանը ունի կանխակալ դիրքորոշում այն ամբողջ համատեքստի և առանձին փաստերի կապակցությամբ, որոնց շրջանակներում քննվող https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D6%87%D5%AB%D5%AF_%D5%8A%D5%A5%D5%BF% D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6 քրեական գործով և առաջադրված մեղադրանքների՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ բարձրացված հարցը քննության է ընդունել Սահմանադրական դատարանն իր համապատասխան աշխատակարգային որոշումներով և դատաքննություն նշանակել 29.08.2019թ.: Ուստի առկա են Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը նրա մասնակցելու անհնարինության ակնհայտ հիմքեր:


Արայիկ Թունյանի մասով.


ՍԴ անդամ Արայիկ Թունյանը 2005-2007թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնում: 2007- 2014թթ. զբաղեցրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:


Արայիկ Թունյանը, որպես ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ՝ մասնակցել է 2008թ. փետրվար-մարտի՝ 19.02.2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած ընթացքում և իրադարձությունների կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի՝ որպես ՀՀ նախագահ բոլոր գործողությունների, այդ թվում՝ արտակարգ դրության 01.03.2008թ. հրամանագրի իրավաչափության քննարկմանը՝ համաձայնելով և հավանություն տալով 2008թ. փետրվար-մարտի՝ 19.02.2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին տրված բոլոր որակումներին և պատասխանատվության վերագրումներին: Ուստի առկա են Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը նրա մասնակցելու անհնարինության ակնհայտ հիմքեր:


Ալվինա Գյուլումյանի մասով.


ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը 2003թ. բոլորովին ստվերային գործընթացի արդյունքում ընդգրկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուների ազգային ցուցակում Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, որը ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանում էր պետության գլուխը և կրում ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականությունները, ինչպես նաև օժտված էր մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով,
2009թ. նույնանման գործընթացի արդյունքում ընդգրկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուների ազգային ցուցակում 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների, արտակարգ դրություն մտցնելու արդյունքում իշխանության եկած Սերժ Սարգսյանի նախագահության օրոք:


08.2014թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ:
Վերոգրյալից ակնհայտ է և բավարար՝ պնդելու, որ Ալվինա Գյուլումյանը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի, այնուհետև Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությունը վայելող անձ, և նա կանխակալ վերաբերմունք ունի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ, այլ նաև 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների՝ մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների, արտակարգ դրություն մտցնելու գործընթացի և արդյունքում Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին իշխանության փոխանցման գործընթացի և հանգամանքների նկատմամբ: Ուստի առկա են Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը նրա մասնակցելու անհնարինության ակնհայտ հիմքեր:


Հրայր Թովմասյանի մասով.


ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը անդամագրվել է 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների՝ մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների, արտակարգ դրություն մտցնելու գործընթացի արդյունքում իշխանության եկած Հանրապետական կուսակցության անդամ: 2010 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արդարադատության նախարար և պաշտոնավարել մինչև 2014 թվականի ապրիլը: Այնուհետև ՀՀԿ-ի համապետական ընտրական ցուցակով դարձել է ԱԺ պատգամավոր։


02.2018թ. Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղի համար առաջարկվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: 02.03.2018թ. Հանրապետական կոսակցության վճռորոշ քվեարկությամբ Հրայր Թովմասյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ:


2018թ. մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ Հրայր Թովմասյանը նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ:


Հրայր Թովմասյանը, հանդիսանալով ՀՀԿ կուսակցության ակտիվ ներկայացուցիչ, կիսել է և առաջ է տարել այդ կուսակցության քաղաքականությունն ու իշխանավարության շրջանակներում այն գործունեությունը, որի արդյունքում Հայաստանի երրորդ Հանրապետության կյանքում ամենաճգնաժամային հանգրվաններից 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների՝ մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների, արտակարգ դրություն մտցնելու գործընթացի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը պետական իշխանությունը (որը գտնվում էր ՀՀԿ ձեռքում) հետևողականորեն չի իրականացրել արդյունավետ քննությունը, մասնավորապես՝ մարտի 1-ի զոհերի կյանքի իրավունքի խախտման գործով: Հանդիսանալով ՀՀԿ կուսակցության քաղաքականության մշակման և իրագործման ակտիվ մասնակից և ջատագով՝ ունի կախակալ վերաբերմունք, այդ թվում 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների՝ մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների, արտակարգ դրություն մտցնելու գործընթացի կապակցությամբ: Նա կիսել է Հանրապետական կուսակցության բոլոր դիրքորոշումներն ու որոշումները հիշյալ հարցերի և դրանց տրված գնահատականների վերաբերյալ:


Հրայր Թովմասյանը 2013-2015թթ., հանդիսանալով ՀՀ Նախագահին առընթեր սահամանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, էական մասնակցություն է ունեցել 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրության փոփոխությունների մշակմանը և ունի կանխակալ վերաբերմունք դրա դրույթների մեկնաբանման նկատմամբ:
Ուստի առկա են Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը նրա մասնակցելու անհնարինության ակնհայտ հիմքեր:


3. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ վարույթ ընդունված և 29.08.2019թ. դատաքննության նշանակված գործի կապը Դիմողների իրավունքների հետ.


Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքի և խափանման միջոցի նկատմամբ Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության դրույթի կիրառումն ուղղակիորեն վերաբերում է Դիմողների հարազատների կյանքի իրավունքի ընթացակարգային երաշխիքներին։


Քննվող քրեական գործի շրջանակներում որևէ մեկի և, առավել ևս՝ պետության գլխին հետապնդումներից զերծ պահելու նպատակով անձեռնմխելիությամբ օժտելը անթույլատրելի միջամտություն է պետության կողմից կյանքի իրավունքի խախտումների արդյունավետ քննության Բողոքաբերների իրավունքին։


Քննության ընդունված գործով ներկայացված մոտեցումը ոչ միայն չի բխում, այլև ուղղակիորեն հակասում է նաև Սահմանադրության 3-րդ և 24 հոդվածներին:


Կյանքի իրավունքի խախտումների դեպքում պետության կողմից արդյունավետ քննություն իրականացնելու պոզիտիվ պարտականությունը ոչ միայն Հայաստանի միջազգային, այլ նաև Սահմանադրությամբ ամրագրված պարտականություն է, համապատասխանաբար այդպիսին է նաև այդ ակտերով նախատեսված՝ տուժողների իրավունքը։


Դիմողները հիշեցնում են Սահմանադրական դատարանին, որ քննվող քրեական գործը քննվում է միաժամանակ նաև իրենց հարազատների սպանությունների հանգամանքների բացահայտման ուղղությամբ։ Քրեական գործի շրջանակներում քննության առարկա են, կամ պետք է լինեն մահաբեր ուժի գործադրման բոլոր հանգամանքները և դրանում ներգրավված անձանց շրջանակը։


Ավելին. քրեական գործի շրջանակներում ԱԱԾ, ոստիկանության և բանակային ստորաբաժանումների՝ 2008թ.-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը դեպքերին ներգրավվածության և հրամանատարական շղթայի բացահայտման կապակցությամբ առաջնային նշանակություն ունի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի գործողությունների քննությունը և դրանք իրավական գնահատականների արժանացնելը, այլ նաև հրամանատարական շղթայի մյուս օղակների ներգրավման կապակցությամբ հենց իր ունեցած տեղեկությունների, կատարած ուղղորդումների, տրված հանձնարարությունների, կարգադրությունների, հրամանների, թույլ տված բացթողումների և իրեն վստահված իշխանության անգործության հնարավոր հանգամանքները պարզելը։


Մինչդեռ ՍԴ կողմից քննության ընդունված գործով որոշումը կարող է հանգեցնել կյանքի իրավունքի խախտումների պետության քննության պոզիտիվ պարտականությունը կոնկրետ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ (դեպքերի կապակցությամբ ամենատեղեկացված և շատ բարձր հավանականությամբ ամենաներգրավված պետական պաշտոնյայի) բացառմանը:


Ուստի Դիմողները պետք է մասնակից դարձվեն կյանքի իրավունքի խախտման գործի արդյունավետ քննության հետ ուղղակիորեն կապված, Սահմանադրական դատարան ներկայացված և քննության ընդունված՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների քննությանը:


Սահմանադրական դատարանն իր ընդունած աշխատակարգային որոշումներով արդեն իսկ խախտել է Դիմողների իրավունքները՝ նրանց մասնակից չդարձնելով գործի քննությանը և համապատասխան ծանուցումներ չհասցեագրելով, համապատասխանաբար սահմանափակելով նրանց իրավունքները հայտարարություններ, առարկություններ, միջնորդություններ և/կամ առաջարկություններ ներկայացնելու:


Հիմք ընդունելով Սահմանադրության 1-ին հոդվածը, 3-րդ, 24-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, 169րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 8-րդ մասը, ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 32-րդ, 34-րդ, 39-րդ,44-րդ, 47-րդ հոդվածները, սույն դիմումը պետք է քննության առնվի Սահմանադրական դատարանի կողմից:


4. Պահանջը.


Հիմք ընդունելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի համապատասխան աշխատակարգային որոշումներով «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու»,


«Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու»,


«Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրության 72-րդ եւ 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու» և «Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությանը Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցությունն անհնարին է ինչպես որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, այնպես էլ գործի հանգամանքների և փաստերի նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքի պատճառներով:


Ուստի Սահմանադրական դատարանի հիշյալ անդամներին խնդրում ենք ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելուց:


Սահմանադրական դատարանին խնդրում ենք չթույլատրել Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը:


5. Ծանոթագրություն.


Սույն դիմումը խնդրում ենք ընդունել որպես հայտարարություն, միջնորդություն և կամ առարկություն՝ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի,Ալվին Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի, Արևիկ Պետրոսյանի մասնակցելու անհնարինության վերաբերյալ։


6. Կից ներկայացվող փաստաթղթեր.


6.1. Սարգիս Քլոյանի և Վաչագան Ֆարմանյանի անձնագրերի պատճենները,
Սարգիս Քլոյանի և Վաչագան Ֆարմանյանի կողմից Տիգրան Եգորյանին տրված լիազորագրերը (բնօրինակ),
Տիգրան Եգորյանի անձնագրի և արտոնագրի պատճենները
Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Տուժողներ՝


Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի


Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի


Ներկայացուցիչ ՝


Տիգրան Եգորյան