1.07.2025
Քաղաքը եռում է. ցուցարարներին բերման են ենթարկում նաև քաղաքային ավտոբուսներով ԹԱՐՄԱՑՎՈՂ
20.04.2018
Քաղաքը եռում է. ցուցարարներին բերման են ենթարկում նաև քաղաքային ավտոբուսներով ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ոստիկանությունը ցուցարարներին բերման է ենթարկում քաղաքային ավտոբուսներով: Այս պահին լարված վիճակ է Ազատության պողոտայում, առնվազն 10 քաղաքացու, այդ թվում և անչափահասների, բերման ենթարկեցին 1 համարի ավտոբուս՝ չնայած այդ տարածքում քաղաքացիների դիմադրությանը: Նշենք, որ նրանք բերման են ենթարկվել մայթից և ոչ թե փողոցը փակելու կամ այլ գործողության համար: Ավելի վաղ, երբ փողոցը արգելափակված էր, ոստիկանները բերման էին ենթարկել 7 քաղաքացու, այդ թվում երկու կնոջ: 15.23 Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարկվել 166 մարդ: 14.58 Արշակունյաց պողոտայում երթի մասնակիցները շարունակում են փակ պահել փողոցը, վարորդները իրենց մեքենաները կանցնացնում են զուգահեռ երթևեկությանը: Ոստիկանությունը քարշակով մեքենաներ է տեղափոխում, ընդ որում նաև այն դեպքում, երբ վարորդը գտնվում է մեքենայի մեջ: 13.40 Բեռնատարների վարորդները, փակելով մեքենաների դռները, միացան երթի մասնակիցներին և այս պահին երթը շարունակվում է: 13.33 Կիևյան կամուրջը և Հալաբյան փողոցի սկզբնամասի երթևեկությունը փակել են երեք բեռնատարներ: Նիկոլ Փաշինյանը, ով երթով հասավ այս հատված, ջերմ ողջունեց բեռնատարների վարորդների հետ: Հիշեցնենք, նախօրեին հանրահավաքի ժամանակ Փաշինյանը դիմել էր բեռնատարների վարորդներին փակել փողոցները, քանի որ «բեռնատարներ տեղափոխող էվակուատորներ չկան»: Վարորդները նշում են, որ ոստիկանությունից իրենց դեռ չեն անհանգստացրել: 13.10 Փակ է նաև Արշակունյանց փողոցը, Սինոփսիս ընկերության աշխատակիցները փակել են փողոցն իրենց ընկերության հատվածում, որոնց միանում են ցուցարարները: Նախօրեին Սինոփսիս ընկերության աշխատակիցները պատերից հեռացրել էին Սերժ Սարգսյանի լուսանկարները, թեև այսօր ընկերության տնօրենը դա բացատրել է այն հանգամանքով, թե ընկերությունում վերանորոգման աշխատանքներ են:  13.08 Երթը շարունակվում է Խանջյան փողոցով, ցուցարարներին անդադար ազդանշաններով ողջունում են անցնող ավտոմեքենաները: Լուրեր են ստացվում, որ Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկվում քաղաքացիներ, այդ թվում նաև քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից: 12.54 Ժամը 12:30-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 92 մարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Ոստիկանությունը նաև հանդես է եկել հայտարարությամբ, որ շարունակելու են օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: 12.30 Ցուցարարները փակել են նաև Մաշտոցի պողոտան և շարժվում են դեպի Ամիրյան հատված: Նրանք վանկարկում են «Միա-ցեք» և «Ոստիկանը մերն է»: