ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Շիրազ Սահակյանի՝ վիրավորումներ ստանալու հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար, կապիտան Շիրազ Սահակյանը զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում ծառայության ժամանակ ականի պայթյունից ստացել է ձախ ոտնաթաթի եւ ձեռքերի ականապայթյունային վիրավորումներ եւ տեղափոխվել Բերդի զինհոսպիտալ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշենք, որ ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողը Չորաթան համայնքի բնակիչ Շիրազ Կամոյի Սահակյանն է. նրա ոտքը անդամահատվել է: Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանն էլ armtimes.com-ին տեղեկացրել էր, որ զինծառայողի գիտակցությունը տեղն է. «Երեւի այսօր կտեղափոխվի Երեւան»,- ասել էր նա: 1969 թվականին ծնված զինվորականն ամուսնացած է, ունի 2 երեխա՝ աղջիկ եւ տղա: Նրանք ուսանողներ են: