27.11.2024
Գարեգին Բ-ն ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում ավտովթարի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Եկել է ազատ, երջանիկ, հզոր Հայաստանի ժամանակը. Փաշինյանը Սինգապուրում է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։


Հայաստանի վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ.)։ ՀՀ վարչապետի, Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կո Պո Կունի և Սինգապուրի, ինչպես նաև հարևան երկրների ու տարածաշրջանների՝ Մալայզիայի, Ինդոնեզիայի, Թաիլանդի, Հոնգկոնգի, Ավստրալիայի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից հայկական փողոցի նորաբաց այգում տեղի է ունեցել «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Արձանը կառուցվել է բարերար Խաժակ Մարգարյանի նախաձեռնությամբ:


«Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձ տեսակը, որը հայտնի է նաև որպես Սինգապուրյան կամ Ալոհա արքայադստեր խոլորձ, հիբրիդային տեսակ է, որը դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ։ Հայտնի խոլորձն իր անվանումն ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով ծաղիկը հայտնաբերել է Եղեգնուտում:


Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, շրջայց կատարել հայկական ժառանգության թանգարանում: Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպել վերը նշված պետությունների հայ համայնքների ներկայացուցիչներին:


Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` վարչապետը ծակեպսակ է դրել Հիշողության պարտեզում կանգնեցված հայկական խաչքարի մոտ: Պարտեզում ամփոփված են նաև բազմաթիվ հայկական տապանաքարեր:


Ողջունելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր մեր հայրենակիցների ջանքերով հավերաժացվեց մեր մեկ այլ հայրենակցի վաստակը Սինգապուրի առաջ: Գիտեք, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող ծաղիկը` խոլորձը, որն անվանվել է հենց մեր հայրենակցի անունով, ստեղծել է Աշխեն Հովակիմյանը, սինգապուրյան վարկածով` Ագնես Ջոակիմին: Սա խորհրդանշական իրադարձություն է, որն ի ցույց է դնում մեր ժողովրդի ստեղծարար էությունը»: Նիկոլ Փաշինյանի խոսքով` աշխարհի բազմաթիվ կողմերում կհանդիպենք իրավիճակների, երբ այդ երկրների կյանքում տեղի ունեցած, ստեղծված խորհրդանշական կարևորագույն արժեքների հետևում կանգնած են հայերը:


«Համոզված եմ, որ սա լիարժեք արտահայտում է մեր ժողովրդի էությունը: Կարծում եմ, որ արդի ժամանակի առանձնահատկությունը նրանում է, որ հայ ժողովրդի ստեղծարար հանճարն ի վերջո պետք է իր տրիումֆին հասնի նաև Հայասատանում: Մեր անցած ճանապարհը հենց այստեղ պետք է իր պսակին հասնի, որ Հայաստանի Հանրապետությունը լինի այնպիսին, ինչպիսին են բազմաթիվ երկրներ, որոնց կառուցման, բովանդակություն հաղորդելու գործում մեր հայրենակիցներն ունեցել են շրջադարձային նշանակություն: Սինգապուրը 20-րդ դարի հրաշքներից մեկն է, վերլուծաբանները, տնտեսագետները հատորներով նյութեր են գրել` հասկանալու, թե ինչպե՞ս տեղի ունեցավ և ի վերջո ստեղծվեց երկիր, որի ամեն անկյունն ունի իմաստ, որը զարգացման և մարդու ստեղծագործական հանճարի, հաղթանակի յուրօրինակ ապացույց է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ դրա պատասխանը մեկն է` մարդկային կյանքը կազմակերպելու, քաջալերելու ընդունակությունը:


«Այսօրվա հիմնական խորհրդանիշը հենց դա եմ համարում: Այսօր, ըստ էության, մենք տեղադրեցինք հայ ժողովրդի տաղանդի և հանճարի խորհրդանիշ հանդիսացող հիշատակարան: Հույս ունեմ, որ այս կարգի բազմաթիվ նմուշներ մեզ ամենուր պետք է հիշեցնեն, որ մենք տաղանդավոր, ստեղծարար ժողովուրդ ենք, որ կարողացել ենք շենացնել աշխարհի տասնյակ, հարյուրավոր, հազարավոր անկյուններ, ներդրում ենք ունեցել բազմաթիվ երկրների զարգացման, բարեկեցության ապահովման գործում: Մենք կարող ենք նույնն անել նաև Հայաստանի Հանրապետությունում և այսօրվա իրադարձությունը եկեք համարենք հենց դրա խորհրդանիշ»,- ասել է կառավարության ղեկավարը:


Վարչապետը նկատել է, որ Սինգապուրում իր ողջ գոյության ընթացքում բնակվել են մի քանի տասնյակ հայեր և որոնք այս երկրում թողել են անջնջելի հետք: «Այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրում են միլիոնավոր հայեր, դեռ միլիոնավորները պետք է ապրեն և սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախն աշխարհի վրա պետք է թողնեն նույնպիսի անջնջելի և հավերժական հետք, նույնպիսի ժառանգություն, ինչպիսին Աշխեն Հովակիմյանն է թողել Սինգապուրի պատմության մեջ: Սա նաև մեր, Սինգապուրի, աշխարհի պատմությունն է, մենք ներկա ենք եղել այդ պատմությանը, մենք կերտել ենք այդ պատմությունը, կերտում ենք և մշտապես լինելու ենք այդ պատմության հեղինակների դերում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետը հավելել է, որ հաճախ մեր երկրի պատմության հեղինակները մենք ինքներս չենք եղել և եկել է ժամանակը, որ ինքներս կերտենք մեր սեփական երկրի պատմությունը, այնպես կերտենք, «որ ոչ թե ուրիշները, այլ մենք ենք ուզում, ինչպես մեր նախնիներն են երազել, ինչպես մենք ենք երազում մեր երեխաների համար»:


«Եկել է ազատ, երջանիկ, հզոր Հայաստանի ժամանակը: Աշխարհի տարբեր անկյուններ մեր այցելություններն ավելի մեծ ուժ և վստահություն են ներշնչում, որ հասնելու ենք այդ նպատակին:


Գալիս ենք ապացուցելու այն, ինչ ապացուցված է. հայ ժողովուրդը տաղանդավոր ժողովուրդ է, կեցցե՛ Աշխեն Հովակիմյանը, կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ Սինգապուրը, կեցցե՛ նոր աշխարհը, որտեղ հայը կա, լինելու է, ստեղծելու է, արարելու է, ամենուր թողնելու է իր ոչ նյութական ժառանգությունը, անունը, արժեքները, որոնք լինելու են ամբողջի մեջ կարևոր մի բաժին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` շնորհակալություն հայտնելով Սինգապուրի կառավարութանը, ժողովրդին` հայ ժողովրդի ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար:


Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են նաև Սինգապուրի Արմենիա հայկական փողոցով: