Քաղաքացիներն աղբ են նետել քաղաքապետարանի մուտքի մոտ. մամուլի խոսնակի պատասխանը (տեսանյութ)
Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի հոգու հետ միասին «բուրավետ» պերֆորմանս է արել քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական մուտքի մոտ լցնելով ինչ-որ տեղից բերված աղբը։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել ք Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ հակոբ Կրապետյանը:
«Չգիտեմ, թե որքանով են քաղաքացիները ճիշտ հասցե ընտրել իրենց բողոքի համար, քանի որ հայտնի է, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն է ըստ պայմանագրի համարվում աղբահանության օպերատորը։ Աղբահանության նորաստեղծ համայնքային հիմնարկը կոչված է ապահովել քաղաքի մաքրությունը հիմնական օպերատորի անկարողության դեպքում, եւ հիմնարկը հիմա համալրվում է անհրաժեշտ մարդկային եւ տեխնիկական ռեսուրսով։ Մոտ օրերս Երեւան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, իսկ մի քանի շաբաթից կժամանի աղբատար մեքենաների մի մասը, որը զգալիորեն կթեթեւացնի աղբահանության հարցը։ Ընդհանուր, ինչպես հայտնի է, գնվել է 24 մեքենա, եւս 10-ի գնումը ընթացքի մեջ է։
Առկա անբավարար վիճակը ստեղծվել է տարիների ընթացքում եւ պատճառները բազմապիսի են։ Այնուհանդերձ, եւս մեկ անգամ հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարության համար եւ խնդրում ենք զինվել համբերությամբ։ Աղբի խնդրի լուծումը շատ մոտ է», - ասված է նրա գրառման մեջ։
Ավելի վաղ, Երեւանի ավագանու նախկին անդամ (Երկիր Ծիրանի) Սոնա Աղեկյանը տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի մոտ անցկացվող բողոքի ակցիայից։ Տեսանյութի կադրերում երեւում է, որ քաղաքացիներն աղբի տոպրակներ են նետում շենքի մուտքի մոտ՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով քաղաքի առջև ծառացած խնդրի վրա։
«Աղբը մենք տանում ենք քաղաքապետարան, որ հասկանան, որ ամեն օր մենք մաքրելու ենք մի հասցե, որտեղի բնակիչներից ստանում ենք ահազանգ եւ աղբը տանելու ենք իրենց: Մինչեւ հասկանան, որ Երեւանի աղբավայր չէ, Երեւանը մայրաքաղաք է»,-ասել է Աղեկյանը՝ նշելով, որ այսօր աղբը տեղափոխել են Արշակունյաց փողոցից: