ԵԱՀԿ ԽՎ-ում ընդունվել է բանաձև, որից ամբողջությամբ դուրս է բերվել Ղարաբաղը և 7 շրջանները որպես ադրբեջանական տարածք ներկայացնող եզրույթը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը:
Նա նաև նեղսրտել է, որ հայկական լրատվամիջոցները համարժեք ուշադրության չեն արժանացրել այդ փաստը.
«Եթե հանկարծ ադրբեջանամետ բանաձևը նախնական տեսքով անցներ և չլիներ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության հաղթարշավը, եթե հանկարծ չկարողանային փոխել բանաձևի նախնական տեքստը, որում առկա էին «The Nagorno Karabagh and seven distinct districts of Azerbaijan» ձևակերպումները և տարածքային ամբողջականության դրույթը՝ առանց հավասարազոր ինքնորոշման իրավունքի, եթե ձախողեին ու չկարողանային հռչակագրի տեքստում ներառել «Հայոց ցեղասպանության մասին» պարբերությունը, որը ոչ միայն ողջունում է Իտալիայի և Ֆրանսիայի խորհրդարանների կողմից ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր սահմանելը, այլև կոչ է անում բոլոր ազգային խորհրդարաններին հետևել այս օրինակին, եթե այս ամենը ձախողեին, ապա դա այս օրերին կդառնար top news, ասուլիսներ ու քննարկումներ կհրավիրվեին, ուղիղ եթերներ կարվեին, դրանք հնարավոր բոլոր մեդիաներով կտարածվեին և կորակվեր որպես մեծ, աննախադեպ պարտություն, պատերազմի նախադրյալ և այլն:
Մինչդեռ երկար, բավական դժվար, ծանր ու հետևողական աշխատանքի շնորհիվ բանաձևը փոխվեց, ԵԱՀԿ ԽՎ-ում ընդունվեց բանաձև, որում ոչ միայն ամբողջությամբ դուրս բերվեց Ղարաբաղը և 7 շրջանները որպես ադրբեջանական տարածք ներկայացնող եզրույթը, այլև մի ամբողջական պարբերությամբ գնահատական տրվեց բանակցային նոր գործընթացին և հստակ շեշտվեց նաև ինքնորոշման իրավունքը:
ԵԱՀԿ պատվիրակության անդամների, ԱԳՆ աշխատակազմի, «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցության պատգամավորների շաբաթներ տևած համակարգված, ճիշտ և փաստարկված աշխատանքի արդյունքում չեզոքացվեց չափազանց լուրջ վտանգ, սա իրականացվեց շաբաթներ շարունակ տասնյակ եվրոպական երկրների ներկայացուցիչ պատգամավորների հետ հանդիպումների, բանակցությունների, կարևոր և հիմնավոր փաստարկների ներկայացմամբ, բանակցային ճիշտ հմտությունների շնորհիվ, շեշտեմ նաև՝ չափազանց դժվար պայմաններում, քանի որ այս պատգամավորների մեծ մասը հայաստանյան պատվիրակություն ասելիս մտաբերում էր նախկինից մնացած, հենց իրենց բառերն եմ մեջբերում՝ «միայն ռուսերեն խոսող, միայն ռուսների հետ շփվող և իր գրքերը բաժանող» պատվիրակության ղեկավարի (Արտաշես Գեղամյանի) կերպարով: Թերևս, չէի անդրադառնա նախկինների հաճախ հակապետական գործելաոճին, բայց կարծես որոշ մարդիկ մոռացել են իրենց թողած ժառանգության մասին և ստիպված ենք նորից հիշեցնել անգործության հետևանքները և ներկայացնել, թե ինչ պայմաններում և, Հայաստանի նկատմամբ ձևավորված վերապահումներով վերաբերմունքի, իրավիճակում է իրականացվել աշխատանքը և ապահովվել այս հաղթանակը:
Սա կարևոր ձեռքբերում է, որի հետևում ահռելի, ճիշտ համակարգված աշխատանք է եղել, սա մամուլը կարող է չհրապարակել, փակել աչքերը, քննադատել, թե պատգամավորները շատ են գործուղումների մեկնում՝ առանց գնահատելու դրա արդյունքը, բայց մենք բոլորս գիտենք, որ այս կարևոր հաղթանակով կապեցինք ադրբեջանի արյունոտ ձեռքերը, պատերազմ հրահրելու ևս մեկ առիթ չեզոքացրեցինք, իսկ դա ամենակարևորն է»,- գրել է պատգամավորը: