ԵԱՀԿ երևանյան գրասենյակն օգոստոսի 31-ից դադարեցնում է գործունեությունը: Այս մասին հիշեցնում է Aysor.am-ը: Կառույցի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն նշել էր, որ կազմակերպությունը պետք է սկսի երևանյան գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի մանդատի ապագայի վերաբերյալ կոնսենսուս հնարավոր չեղավ ձեռք բերել: ԵԱՀԿ-ն բացել է իր դաշտային առաքելությունը Հայաստանում 2000 թվականին: Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ կոնսենսուսին միանալու մերժումը ոչ միայն վնաս է հասցնում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեությանը, այլև հանձնառությունների կատարման գործում համագործակցությանը: «Ադրբեջանն իր իսկ երկրում ոտնահարելով ԵԱՀԿ հանձնառությունները՝ փակեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, որից հետո հարված հասցրեց ընդհանրապես տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությանը», - նշել էր նա։