Ադրբեջանը փորձում է շարունակել թոզ փչել միջազգային հանրության աչքերին. ԱԳՆ
Ադրբեջանը փորձում է շարունակել թոզ փչել միջազգային հանրության աչքերին, ասելով, թե պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների: Բայց վերջին առնվազն տաս տարում նախագահների մակարդակով 20, արտգործնախարարների մակարդակով 4 տասնյակից ավելի, եռանախագահների հետ բազմաթիվ հանդիպումներ են կայացել, ի՞նչ է, այդ ամենը եղե՞լ են բովանդակությունից զուրկ կամ անառարկայակա՞ն: Եթե հետևենք Ադրբեջանի տրամաբանությանը՝ այդպես է ստացվում: Այս մասին Երևանում Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ այն հայտարարությունը, թե Բաքուն պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների ԼՂ հարցում համանախագահների առաջարկությունների հիման վրա, եթե Հայաստանը դրանք ընդունի:
«Այդ ամեն եղե՞լ են բովանդակությունից զուրկ կամ անառարկայակա՞ն: Ըստ Ադրբեջանի տրամաբանության՝ այդպես է ստացվում: Բայց եթե Ադրբեջանն իսկապես ընդունում է եռանախագահող երկրների առաջարկները, պատրաստ է դրանց հիման վրա գնալ կարգավորման, ապա առնվազն պետք է հաստատի, գործնականում ապացուցի, որ կողմ է գնալ հիմնախնդրի կարգավորմանն այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են եռանախագահող երկրների կողմից՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք»,- ընդգծեց Նալբանդյանը:
Վերջինս նշեց, որ Հայաստանը համամիտ է եռանախագահող երկրների հետ, մինչդեռ Ադրբեջանը մերժում է այդ երեք սկզբունքները, անգամ մերժում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնցում ընդամենը հղում են կատարվում կամ հիշատակվում են այդ երեք սկզբունքները: Բայց, կրկնեց նա, եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է գնալ հիմնախնդրի կարգավորմանը եռանախագահող երկրների առաջարկների վրա, ապա պետք է վերահաստատի և գործնականում իրականացնի այն, ինչ որ առաջարկում են եռանախագահները, ինչպես նաև իրականացնի 1994-1995 թվականների զինադադարի համաձայնագրերը:
«Ադրբեջանը մերժում է եռանախագահող երկրների կողմից արված կոչերը ՝ վերահաստատելու այդ հանձնառությունները: Եվ, իհարկե, Ադրբեջանը պետք է իրականացնի, այլ ոչ թե ընդդիմանա այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում, Պետերբուրգում: Իսկ եթե Բաքուն իսկապես պատրաստ է ընդունել բանակցային գործընթացի շարունակումն այն առաջարկների հիման վրա, որոնք եռանախագահող երկրներն են անում, ապա պետք է չփորձի հղում կատարել այն տարրերի վրա, որոնք իրեն դուր են գալիս, այն էլ աղավաղելով դրանք»,- շեշտեց հայ նախարարը:
Այլապես, հավելեց նա, այդ հայտարարությունը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն անել վատ խաղի ժամանակ, բայց դա էլ իրենց չի ստացվում:
«Հայաստանը շարունակելու է եռանախագահող երկրների հետ ջանքերն ուղղել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եթե Ադրբեջանը ցանկանում է միանալ այդ ջանքերին, ապա պետք է վերահաստատի իր հավատարմությունն այն երեք սկզբունքներին, որոնք եռանախագահներն են առաջարկում»,- շեշտեց Էդվարդ Նալբանդյանը: