27.12.2024
Տրանսպորտի թանկացման մասին պնդումներն անլուրջ խոսակցություններ են. քաղաքապետարան
13.09.2017
Տրանսպորտի թանկացման մասին պնդումներն անլուրջ խոսակցություններ են. քաղաքապետարան

Երևանում հասարակական տրանսպորտի թանկացման մասին պնդումներն ուղղակի անլուրջ խոսակցություններ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ներկայումս Երևանի քաղաքապետարանը շարունակում է ակտիվորեն աշխատել հասարակական տրանսպորտի բարեփոխումների ուղղությամբ, որն ամբողջապես հանրային գործընթաց է, և մեր հանրությունը հնարավորություն ունի անգամ ուղիղ հեռարձակմամբ հետևելու մասնագիտական խմբի աշխատանքներին։ Ըստ այդմ, կառույցից հորդորում են աշխատանքային խմբի անդամներին զերծ մնալ անհիմն հայտարարություններ կատարելուց և մամուլով անլուրջ խոսակցություններ տարածելու գայթակղությունից` դրա փոխարեն փորձելով գործընթացին օգտակար լինել` նիստերի ընթացքում բովանդակային և կառուցողական առաջարկներով հանդես գալով։ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը ներկայիս կազմով ձևավորվել է տարեսկզբին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։ Ներկայումս ընթանում են տրանսպորտային նոր երթուղային ցանցի առաջարկի մշակման աշխատանքները, և արդեն իսկ սահմանվել են տրանսպորտային նոր համակարգի պահանջները՝ ներառյալ միասնական կառավարման, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի, ավտոպարկի և քաղաքացիների սպասարկման բարձր չափորոշիչները։ Աշխատանքային խմբի առջև պահանջ է դրված ապահովել արդար և հասանելի սակագնի սահմանում՝ ցանցի օպտիմալացման, ինչպես նաև կառավարման նոր մեխանիզմների ներդրման միջոցով։  Նշենք, որ մամուլում այսօր տեղեկություն կար, թե Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը: Բայց փորձում է այդ նպատակին հասնել նենգ եղանակներով՝ տպավորություն ստեղծելով, թե դա հասարակական պահանջ է: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ այս ընթացքում քաղաքապետարանը ձևափոխել ու կարճացրել է բազմաթիվ երթուղիներ: Արդյունքում՝ քաղաքացիները ստիպված օգտվում են երկու տրանսպորտից: Նպատակը մեկն է. այդպես մարդկանց մոտ արհեստական բողոք հասունացնել, որպեսզի քաղաքացիներն իրենք պահանջեն թանկացնել ուղեվարձը, միայն թե ներկայիս պայմաններով չերթևեկեն, այլ նստեն մի երթուղային և իջնեն իրենց ցանկացած կանգառը: