25.11.2024
Քննիչներն առգրավել են 15.000 դոլարի ոսկյա զարդեր եւ հափշտակել դրանք. քրգործ է հարուցվել
prev Նախորդ նորություն

Ինչպես է ծախսելու պետբյուջեի փողերը Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ն Արցախում. մանրամասներ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հաշվետվություն է ներկայացրել, թե ինչպես է ծախսելու իրենց Ստեփանակերտի գրասենյակին Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդություն իրականացնելու համար ՀՀ կառավարության հատկացրած 16.2 մլն դրամը:


Այս մասին Իոաննիսյանը գրել է Facebook-յան իր էջում. «Ինչպես գիտեք, Կառավարությունը որոշել է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին» 16.200.000 դրամ դրամաշնորհ հատկացնել` Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտորդության համար:


Այդ գումարով մենք կիրականացնենք ոչ միայն 90 դիտորդներով ընտրական տեղամասերի (տերմինաբանորեն՝ կարճաժամկետ) դիտարկում, այլև ընտրողների իրազեկման արշավ ու մեդիա-մոնիթորինգ:


Համեմատության համար ասեմ, որ 600 տեղամասին դիտորդներով 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների դիտորդությանը, ընտրողների իրազեկմամբ, մեդիա-մոնիտորինգով, երկարաժամկետ դիտորդությամբ ու բազում այլ բաղադրիչներով, ծախսվել է մոտ 141 միլիոն դրամ: Իսկ ահա նույն թավականին կոմպակտ Երևանի ընտրությունների (250 դիտորդով) դիտորդությունը, մեդա-մոնիտորինգն ու ընտրողների իրազեկումը արժեցել է մոտ 26 միլիոն դրամ:


Ընդորում, շատ բաներ Երևանից 350 կմ հեռավորության վրա գտնվող Ստեփանակերտում ու Արցախի շրջաններում իրականացնելը շատ ավելի թանկ է, քան Երևանում և ՀՀ մարզերում (փորձագետների գնալ-գալ, հյուրանոց և այլն):


Ու քանի որ միշտ սատարել ենք պետական բյուջեի ծախսման առավելագույն թափանցիկությունը, հրապարակում ենք ծրագիրը, որն իրականացնելու ենք հայաստանյան հարկատուների հաշվին:


Բոլոր ծախսերը լինելու են հիմնավորող փաստաթղթերով (ինչպես միշտ): Խնայված գումարը, եթե լինի, ամբողջությամբ վերադարձվելու է ՀՀ պետական բյուջե:


Հ.Գ. Իմիջայլոց, 16,2 միլիոն դրամը դա «Իրազեկ քաղաքացիների միավորման» մոտ 5 ամսում վճարված հարկերի չափն է... Այսինքն, անգամ այս տարի մենք պետությանը ավելի շատ փող ենք տվել, քան ստացել:


Հ.Հ.Գ. Այդ 16,2 միլիոնից մինիմում 2 միլիոնը հենց սեպտեմբեր ամսին կմտնի Արցախի Հանրապետության բյուջե: Գումարի մեծ մասը (գրեթե ամբողջը) մատուցվելիք ծառայությունների դիմաց վճարվելու է արցախցիներին ու արցախյան կազմակերպություններին»:


«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հիմնական ֆինանսավորումը ստանում է ՀՀ-ում Սորոսի հիմնադրամի մասնաճյուղից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամից: