9.07.2025
Մարտի 1-ին բանակի չի՞ հրամայվել կրակել մարդկանց վրա. ԳՇ պետը հակասեց վարչապետնին
12.09.2018
Մարտի 1-ին բանակի չի՞ հրամայվել կրակել մարդկանց վրա. ԳՇ պետը հակասեց վարչապետնին

Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն, ով 2008թ-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը: «Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»,- ասաց նա: ԳՇ պետը նաև նշեց, որ այդ օրերին սահմանում մարտական աշխատանքն ընթացել է սովորական հունով, գրում է «Արմենպրես»-ը: «Առաջնագիծը նոսրացած չի եղել: Մարտական աշխատանքը եղել է սովորականի նման: Սահմանը Մարտի 1-ի օրերին չի թուլացել»,- նշեց Արտակ Դավթյանը: Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է՝ իրենց քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, այլև կրակել մարդկանց բնակարանների ուղղությամբ: Խաչատրյանը նշել է, որ ունեն կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Այսինքն, բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին: Դավթաշենում «Իմ քայլը» դշաինքի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2008 թ-ի հետ ընտրական իրադարաձությունների ժամանակ այդ ժամանակվա երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու, և դա ապացուցված է: «Ու այդ ընթացքում խրամատներում մեր զինվորներին փոխարինող չի եղել: Նրանք, ովքեր պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար, և մեր սահմանը եղել է անպաշտպան»,- հայտարարեց Փաշինյանը: Մարտի 1-ի գործողություներին բանակի ներգրավման փաստը հաստատեց նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, սակայն մանրամասները չցանկացավ հայտնել: «Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է: Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավել ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»,- նշեց Տոնոյանը: