Տեմպերը շատ ավելի լավն են, քան կարելի էր պատկերացնել. Դավիթ Անանյան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը գոհ է 2019 թվականի ցուցանիշներից:
«Հայաստանի բյուջեի կատարողականի ցուցանիշներն ընթացիկ տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են: Եթե 2018 թվականի 9 ամսվա կատարողականը եղել է 880 մլրդ 700 մլն դրամ, ապա 2019 թվականի 9 ամիսներին այդ ցուցանիշը եղել է 1 տրիլիոն 79 մլրդ կամ առկա է 191.5 մլրդ դրամով: Այսինքն՝ 21.6 տոկոսով գերակատարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, դրական դինամիկա կա ԱԱՀ-ի և եկամտային հարկի վերադարձելիության ուղղությամբ ևս՝ այս ցուցանիշը նախորդ տարվա 9 ամսին եղել է 72.5 մլրդ դրամ, այս տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 86.7 միլիարդ դրամ: Ըստ Անանյանի՝ առկա է բիզնեսին կամ հարկ վճարողներին հարկերի վերադարձման ծավալների դրական դինամիկա:
«Ընթացիկ տարվա ինն ամսվա հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 61 մլրդ 500 մլն: Եթե այն փաստացի հարկային եկամուտների կատարողականի հետ համադրում ենք, ապա տեսնում ենք, որ ունենք գերակատարում 17.7 մլրդ դրամով»,- հավելեց նա:
Ամփոփելով իր խոսքը, ՊԵԿ նախագահը նշեց, որ տեմպերը շատ ավելի լավն են, քան կարելի էր պատկերացնել կիսամյակային արդյունքներն ամփոփելիս: