Ի հեճուկս վատատեսների՝ Ryanair-ը մուտք գործեց ՀՀ. տոմսեր հնարավոր է ձեռք բերել 35 եվրոյով
Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Այս մասին Երևանում հայտարարեց Ryanair ընկերության կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ՛Բրայանը՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ համատեղ ասուլիսում:
Նրա խոսքով, առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին դեպի Հռոմ և Միլան, իսկ ահա ամառվանից Հայաստանից հնարավոր կլինի իրենց ավիաընկերության միջոցով մեկնել Բեռլին: Ի դեպ, ամառվանից ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի նաև Գյումրիից՝ Գերմանիայի Մեմինգեն քաղաք, հետագայում նաև Մյունհեն:
«Մեր ընկերությունն ամենամեծն է Եվրոպայում, ունենք 86 բազավորման կետեր: Այն հնարավորություն է տալիս Հայաստանը կապել այդ քաղաքների հետ: Սպասարկում ենք 152 միլիոն հաճախորդի, հաջորդ տարիներին ցանկանում ենք այդ թիվը հասցնել 200 միլիոնի: Չվերթներն իրականացնում ենք 234 օդանավայականների միջոցով այնպիսի ցածր գներով, որոնց հետ ոչ ոք չի կարող մրցակցել»,- հայտարարեց Դեյվիդ Օ՛Բրայանը՝ ուրախացնելով այն նորությամբ, որ ավիաընկերության տոմսի ամենացածր արժեքը 4.99 եվրո է, իսկ միջին գինը տարբեր ուղղություններով կազմում է 35 եվրո:
Տոմսերը վաճառքում կլինեն այսօրվանից:
Նշենք, որ օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը «RyanAir» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընը հայտնել էր այն մասին, որ ընկերությունը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա, և Քաղավիացիայի կոմիտեի, «Զվարթնոց» օդանավակայանի հետ ներկայում քննարկումներ են ընթանում այդ գործընթացի շուրջ: Նա ներկայացրել է մեր երկրում գործունեություն ծավալելու տեսլականը՝ խոսելով Հայաստանից նոր ուղղություններով չվերթների, սակագնային քաղաքականության և այլ հարցերի շուրջ: