24.11.2024
Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են. ՔԿ
prev Նախորդ նորություն

Կարևոր է, որ մարդիկ ՀՀ-ում հաղթահարեն բոլոր վախերը, որոնք խոչընդոտ են զարգացման. Փաշինյան

Արհեստական բանականությունը, կատարելով մտավոր աշխատանքի մի մասը, մարդու միտքը կազատի այնպես, որ մարդկային բանականությունը նոր ուղղություններ կհայտնաբերի: Այս մասին Երևանում ընթացող «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ին (GIF19) հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ արդյունաբերական հեղափոխության սկզբից արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ, սակայն ժամանակը առաջ քաշեց այն ճշմարտությունը, որ երբ մարդու ձեռքերը շատ թե քիչ ազատվում են՝ ազատվում է մարդու միտքը: Իսկ այդ միտքը նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում:


«Տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է։ Իսկ այն մտավոր աշխատանքի մի մասը, որը կանի արհեստական բանականությունը, տարածք կազատի, որ մարդու մտածողությունը, մարդկային բանականությունը նոր ուղղություններ հայտնաբերի և նոր տարածքներ նվաճի՝ խորանալով մարդու օրգանիզմի էության մեջ, խորանալով դեպի տիեզերք: Եվ ինովացիա ասելով առաջին հերթին պետք է նկատի ունենալ մտքի, մտածողության ինովացիա, որը իրականում փոխում է աշխարհը»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետի խոսքով, կարևոր է, որ մարդիկ Հայաստանում հաղթահարեն բոլոր վախերը, քանի որ դա է այն ամենագլխավոր գործոնը, որը խոչընդոտում է զարգացումը, առաջընթացը, հաղթանակի հասնելու ձգտումը:


«Ես հույս ունեմ, որ Գլոբալ ինովացիոն ֆորումի անցկացումը Հայաստանում մարդկությանը կօգնի հաղթահարել և կառավարել գլոբալ վախերը, և դա կլինի թերևս ամենակարևոր արդյունքը, որին պետք է ձգտեն»,- հավելեց Հայաստանի վարչապետը: