Արցախի նախագահը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը: